Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա


Փերտրվարի 9-ին մեկնարկող եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում, ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, նախագահ Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ։

Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը չորեքշաբթի օրը ելույթով հանդես կգա Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Չաթեմ Հաուզում։ Սերժ Սարգսյանը կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին, Հարավային Կովկասում վերջին զարգացումներին եւ առաջիկա տարում Հայաստանի առաջ հառնած մարտահրավերներին։

Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Հայաստանի նախագահը Վինձորյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված «Երեւան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ համերգին:

Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG