Մատչելիության հղումներ

Ըստ ամերիկահայ վերլուծաբանի, ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը մտահոգել է Միացյալ Նահանգներին


Հայաստան -- «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան (կենտրոնում), արխիվ
Հայաստան -- «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան (կենտրոնում), արխիվ

«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի զեկույցը վկայում է այն մասին, որ՝ «անկայունության եւ կովկասյան նոր պատերազմի հավանականությունն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին»։

«Չնայած հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման առումով անցած տարի առաջընթաց արձանագրվեց, այնուհանդերձ, դա որոշակի ներազդեցություն թողեց Հայաստանի եւ Ադրբեջանի բարդ հարաբերությունների վրա՝ մեծացնելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման վտանգը»,- նշված է Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության պատրաստած տարեկան զեկույցում։ ԱՄՆ-ի առջեւ ծառացած սպառնալիքներին նվիրված այս ծավալուն փաստաթուղթը Սենատում կայացած լսումների ժամանակ ներկայացրեց Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը։

«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, անդրադառնալով այս զեկույցին, նշում է, - «Ամերիկայի հետախուզական հանրության այս զեկույցում Կովկասը ընդգծված կերպով բնութագրվում է որպես Եվրասիական տարածաշրջանի վտանգավոր, թեժ կետ։ Ամերիկյան հետախուզության ղեկավարը պաշտոնապես զեկուցում է Կոնգրեսին, որ Կովկասի չկարգավորված հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հավանական թեժ կետեր են։ Դրանք շրջաններ են, որտեղ կարող է բացահայտ թշնամանք կամ նույնիսկ պատերազմ ծագել։ Պարզ ասած՝ Կովկասում առկա է պատերազմի նոր, ավելի մեծ վտանգ՝ այս անգամ Լեռնային Ղարաբաղի շուրջ», - նշում է Կիրակոսյանը։

Վերլուծաբանի խոսքով ամերիկյան հետախուզության պատրաստած այս զեկույցը եւս մի առանձնահատկություն ունի. - «Պաշտոնական այս զեկույցի երկրորդ հետաքրքրական առանձնահատկությունն այն է, որ Թուրքիան ոչ մի անգամ հիշատակված չէ։ Սա առաջին անգամն է, որ անվտանգության եւ հետախուզական խնդիրներին նվիրված ամերիկյան զեկույցում Թուրքիան ընդհանրապես չի հիշատակվում։ Դա նշանակում է, որ այդ երկրի կարեւորությունը Միացյալ Նահանգների անվտանգության տեսանկյունից նվազել է։ Եթե համեմատելու լինենք, ապա կտեսնենք, որ այս զեկույցում Հայաստանին, եւ նույնիսկ Լեռնային Ղարաբաղին ավելի մեծ առաջնահերթություն է տրվում, իսկ Թուրքիան ընդհանրապես հիշատակված չէ»։

Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը Կիրակոսյանը անդրադարձավ նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի՝ այսօր մեկնարկած այցին Երեւան եւ Վրաստան: Նրա համոզմամբ, այն, որ այցը շրջանցում է Ադրբեջանը, վկայում է, որ օրակարգում ոչ թե Ղարաբաղյան հարցն է, այլ հայ-թուրքական հարաբերությունները:

Կիրակոսյանը հավելեց, թե այսօր Միացյալ Նահանգների ուղերձը հասցեագրված է Թուրքիային՝ հասկացնելով, որ վերջինս պետք է արագացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Թուրքիան սխալ կգործի՝ եթե դառնա առաջին երկիրը, որ կզայրացնի ԱՄՆ-ի նախագահին», - կարծում է վերլուծաբանը: - «Ամերիկյան կոնգրեսը Թուրքիային պատժելու նպատակով կարող է անդրադառնալ Ցեղասպանության խնդրին»:

Կիրակոսյանի համոզմամբ, միջազգային հանրությունը արդեն իսկ սկսել է ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն արագացնելու եւ արձանագրությունների վավերացմանը հասնելու նպատակով:

Իսկ այստեղ, ըստ վերլուծաբանի, սպասումները միայն Թուրքիայից են, քանի որ պաշտոնական Անկարան է այսօր տարբեր պատրվակներով ժամանակ ձգում:

Թուրքիան, նրա խոսքով, փորձեց արձանագրությունների վավերացման հնարավոր ձախողման մեղքը բարդել Հայաստանի վրա, ինչը չստացվեց: Այնուհետեւ Թուրքիան փորձեց օգնություն ստանալ Վաշինգտոնից եւ Մոսկվայից՝ «Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու եւ գործընթացը արագացնելու համար»: Դա, ըստ Կիրակոսյանի, նույնպես չաշխատեց, քանի որ ե՜ւ ռուսները, ե՜ւ ամերիկացիները մերժեցին Թուրքիային՝ պատասխանելով, որ «Ղարաբաղի հարցը կապ չունի արձանագրությունների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG