Մատչելիության հղումներ

Իրանում հանդիսավոր կերպով նշվում է աքսորավայրից Խոմեյնիի վերադարձի եւ Իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձը


Իրանը այսօր նշում է Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի վերադարձի 31-րդ տարեդարձը։ Աքսորի մեջ անցկացնելով 14 տարի, Խոմեյնին 1979 թվականի փետրվարի 1-ին Փարիզից վերադարձավ Թեհրան, որտեղ նրան միլիոնավոր մարդիկ գրկաբաց ընդունեցին։ Խոմեյնիի վերադարձից ծայր առավ Իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում Իրանում տապալվեց ամերիկյան աջակցությունը վայելող շահի իշխանությունը։

Խոմեյնին ստանձնեց Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնը մինչեւ իր մահը՝ 1989 թվականը։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր առավոտյան այցելել են հանգուցյալ առաջնորդի դամբարանը Թեհրանում։

Փետրվարի 1-ից սկսած 10 օր շարունակ Իսլամական Հանրապետությունում հանդիսավոր արարողություններ եւ հրապարակային միջոցառումներ են նախատեսված, որոնք նվիրված 1979 թվականի հեղափոխությանը, մինչդեռ իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ։ 2009 թվականի հունիսի 12-ի ընտրություններից հետո, որի արդյունքում նախագահ վերընտրվեց Մահմուդ Ահմադինեջադը, Իրանում պարբերաբար արյունալի բախումներ են տեղի ունենում ընդդիմության համակիրների եւ անվտանգության ծառայությունների միջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG