Մատչելիության հղումներ

Արզումանյանի կարծիքով, Թուրքիան օգտագործում է Հայաստանի ՍԴ-ի «աբսուրդ» հայտարարությունը


Ալեքսանդր Արզումանյան
Ալեքսանդր Արզումանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո արդեն իսկ պարզ էր, որ Թուրքիան չի վավերացնելու դրանք, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղի հարցում զիջումներ չի արել, եւ այժմ Թուրքիան, իբրեւ պատրվակ օգտագործելով Սահմանադրական դատարանի «աբսուրդ, դեկլարատիվ» հայտարարությունները, փորձում է դանդաղեցնել գործընթացը։

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո արդեն իսկ պարզ էր, որ Թուրքիան չի վավերացնելու դրանք, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղի հարցում զիջումներ չի արել, եւ այժմ Թուրքիան, իբրեւ պատրվակ օգտագործելով Սահմանադրական դատարանի (ՍԴ) «աբսուրդ, դեկլարատիվ» հայտարարությունները, փորձում է դանդաղեցնել գործընթացը։

«Թուրքիայի Մեջլիսը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները միայն եւ միայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում կարձանագրվի Թուրքիայի տեսակետից նշանակալից առաջընթաց։ Միայն այդ դեպքում է Թուրքիան պատրաստ ստորագրելու», - հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Ալեքսանդր Արզումանյանը։

Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը քննադատել էր հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը չհակասելու մասին Հայաստանի ՍԴ-ի հունվարի 12-ի որոշումը` պնդելով, թե որոշման ձեւակերպումներում կան նախապայմաններ, եւ այն վտանգում է հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը:

Նախկին արտգործնախարարը համոզված է, որ ի սկզբանե հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների գնալու հաշվին բարելավել հայ-թուրքական հարաբերությունները։

«Այս իշխանությունը պատրաստ է ցանկացած բան ուրանալու», - հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը՝ վստահեցնելով, որ այդ բանավոր համաձայնությունը առկա է եղել, դրա համար էլ գործընթացը սկսվել է։

Հունվարի 20-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) հունվարի 12-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության հնչեցրած դժգոհությունները։ Անդրադառնալով հեռախոսազրույցին եւ դրան հետեւած հայտարարություններին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե այդ ամենը արվել է ներքին սպառման համար։

«Ամեն մեկը [արտգործնախարարներից] ասում էր, թե՝ զանգեցի, տեղը դրեցի, ասացի չհամարձակվեք այլեւս պատրվակներ բռնել։ Դա երկու աքլորի խոսակցության նման է, որեւէ մեկս ներկա չի եղել այդ խոսակցությանը։ Սա ընդամենը ներքին օգտագործման համար է», - կարծիք հայտնեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG