Մատչելիության հղումներ

Հայաստանը 100 հազար դոլար ֆինանսական օգնություն կտրամադրի Հայիթիին


Հայաստանը 100 հազար դոլարին համարժեք դրամի ֆինանսական օգնություն կտրամադրի հունվարի 12-ի ավերիչ երկրաշարժից տուժած Հայիթիին: Այսօրվա նիստում կառավարության ընդունած որոշման համաձայն` այդ գումարը կհատկացվի 2010 թվականի պետբյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` որոշումն ընդունելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Այս հարցի շուրջ մեր քաղաքացիները բազմաթիվ հարցումներ են հղել մեզ, թե ինչու օպերատիվ չենք արձագանքել աղետին։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ հենց աղետից մի քանի ժամ հետո մեր նախարարը` պարոն Շահգելդյանը, ինձ զեկուցել է, որ 50 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատը պատրաստ է անհապաղ մեկնել Հայիթի` օգնություն ցուցաբերելու։ Ցավոք սրտի, մենք դա չենք կարողացել իրականացնել, որովհետեւ Հայիթին պատրաստ չէր ընդունել այն, եւ կային բազմաթիվ տեխնիկական եւ օգնությունը համակարգելու խնդիրներ։ Մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել ինչպես միջազգային կազմակերպություններին, այնպես էլ խոշոր ծավալի օգնություն ցուցաբերող պետություններին, տեղեկացրել, որ մեր փրկարարներն ունեն հմտություն, փորձ, կարողություն։ Մեր ներկայացրած երկրորդ առաջարկությունը նյութական օժանդակություն ցուցաբերելն էր` անհրաժեշտ սարքավորումներ եւ այլն, բայց այս անգամ նույնպես միջազգային կառույցները մեզ ասացին, որ ֆիզիկապես տեղափոխելու խնդիր կա, եւ նպատակահարմար է, որ օժանդակությունը լինի ֆինանսական»։

Վարչապետը վստահեցրել է, որ «աղետի հենց առաջին ժամերից խնդիրը գտնվել է հանրապետության նախագահի անմիջական հսկողության տակ, եւ այն պահից, երբ նախագահն իր ցավակցությունը հայտնեց Հայիթիի ժողովրդին, նախագահին, հենց այդ պահից էլ մենք նրա հանձնարարությամբ ձեռնամուխ ենք եղել գտնել օժանդակության լավագույն տարբերակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG