Մատչելիության հղումներ

Հունվարի 21-ի մամուլ


«Հայք»-ը իր խմբագրականում գրում է. - «Կարո՞ղ է հաջողության հասնել այն պետությունը, որտեղ քաղբանտարկյալներ կան կամ որտեղ հանցանք չգործած լրագրողը, թերթի խմբագիրը դատապարտվում է յոթ տարվա ազատազրկման: Կարո՞ղ է բարգավաճել մի երկիր, որտեղ ազատամարտիկը զրկվում է ազատությունից, որտեղ երկրի անկախության համար պայքարած մարդիկ երկար տարիներով դատապարտվում են ազատազրկման միայն նրա համար, որ պայքարել են արդարության հաղթանակի համար: Կարո՞ղ է հաղթանակների հասնել այն պետությունը, որտեղ օլիգարխներն օգտվում են մենաշնորհներից, որտեղ սկզբունքային մարդկանց խիստ պակաս է զգացվում, որտեղ իշխում է կոռուպցիան եւ ամենաթողությունը, որտեղ ընտրության ելքը որոշում են ոչ թե ընտրողները, այլ հայաթների խուժանները: Բոլոր բանական մարդիկ կպատասխանեն, որ նման երկիրը դատապարտված է անհաջողությունների եւ կործանման»:

«Ազգ»-ի մեկնաբանը գրում է. - «Ի՞նչ տեսք ունի Նիկոլ Փաշինյանի` 7 տարով դատապարտումը կողքից. անգամ եթե այդ դատավարությունը քաղաքական ենթատեքստ ունի... Ես չեմ հավատում, որ Հայաստանում դատարանները կարող են ինքնագլուխ այսպիսի որոշում կայացնել` «իրավական հարթություն, անկախ դատարան» եւ նման բնորոշումները նրանց համար են, ովքեր հիմքից չգիտեն երկրի կարգն ու դրվածքը: Իսկ եթե սա քաղաքական որոշման արդյունք է, ապա սա ոտնիգլուխ սխալ որոշում է, որովհետեւ արդեն մարած ընդդիմադիրների համար պայքարի նոր «ճակատ» է բացում նախ, երկրորդ` խփելու է երկրի իմիջին, քանի որ կօգտագործվի միջազգային ատյաններում ընդդեմ Հայաստանի. ի վերջո դատապարտվածը լրագրող է եւ թերթի խմբագիր, սա երբեք էլ երկրորդական չէ, երրորդ, փաստորեն իր քաղաքական գործունեության պատճառով է դատվել, մանավանդ` չորրորդ, նրանից մարտի 1-ին նախորդող իրադարձություններում հարյուր անգամ ավելի շատ դերակատար եղած Տեր-Պետրոսյանն այսօր ազատ շրջում է. սա ի՞նչ կրկնակի, կասեինք` եռակի ստանդարտ է»:

Իսկ «Կապիտալ»-ը տեղեկացնում է, որ Մամուլի ազատության համաշխարհային հանձնաժողովը (ՄԱՀՀ) դատապարտել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված 7 տարվա ազատազրկման դատավճիռը. - «Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ ընդդեմ Փաշինյանի առաջ էին քաշվել լուրջ մեղադրանքներ, ներառյալ՝ զանգվածային անկարգությունների հրահրում և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում։ Սակայն ինչպես նշում է ՄԱՀՀ-ն, ճշմարտությունն այն է, որ նա 2008թ. մարտի 1-ի և 2-ի խաղաղ ցույցերի ժամանակ պարզապես օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից: Ըստ հայտարարության՝ մամուլի ներկայացուցիչների դեմ ճնշումներն ու անօրինական ձերբակալությունները ոչ միայն ՀՀ Սահմանադրությունում ամրագրված մարդու իրավունքների կանխադրույթների կոպիտ խախտումներ են, այլեւ միջազգային փաստաթղթերի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի»։

«Առավոտ»-ի թղթակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին հարցնում է. - «Ինչո՞վ կբացատրեք թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրությունների ժամանակ հասարակության ընդվզող հատվածի պասիվությունը»: Սուրենյանը պատասխանում է. - «Ընդդիմության նկատմամբ եղած վստահության պակասով, որը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ընդդիմությունը չի մասնակցում մեր քաղաքական օրակարգի ձեւավորմանը: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ, եւ Հայ ազգային կոնգրեսն էլ դադարեց նախաձեռնող լինելուց, երկրի ներսում խաղի՝ մինչ այդ հաստատված կանոնները, ըստ էության, փոխվեցին: Դրանք հիմա թելադրում է իշխանությունը, ինչը շատ վատ է: Կարծում եմ՝ Կոնգրեսը հայ-թուրքական կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պետք է անկեղծորեն արտահայտեր իր դիրքորոշումը՝ առանց պոպուլիստական բնորոշումների, եւ չվախենալով, որ այդ դիրքորոշումը ինչ-որ հարցով կարող է համընկնել Սերժ Սարգսյանի դիրքորոշման հետ... Սա փակուղային վիճակ է: Պետք չէ քաղաքական մեր վարքագիծը պայմանավորել բացառապես արտաքին գործոններով, առավել եւս՝ որ հասարակության համախմբման հիմնական մոտիվացիան արդարության գաղափարն է»:

Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել է Freedom House միջազգային իրապաշտպան կազմակերպության զեկույցը Հայաստանի վերաբերյալ. - «Հիմնական գնահատականների հետ համաձայն եմ: Իհարկե զեկույցում չի ասվում, թե Հայաստանը զինվորական խունտա է կամ զինվորական բռնապետություն, քանի որ դա շատ սուբյեկտիվ կլիներ: Փորձագետները ուղղակի մեկնաբանում են, ըստ սանդղակի, թե որ գնահատականը ինչպիսի պետություններին է բնորոշ: Հայաստանը զինվորական խունտա չէ: Եթե ասեն, որ Հայաստանը ավտորիտար երկիր է, ապա ես կընդունեմ, բայց Հայաստանում զինվորականությունը չէ իշխանության տերը»:

lragir.am-ը գրում է. - «Հաճախ կարելի է լսել տարբեր գործիչների գնահատականներ, այդ թվում եւ ընդդիմադիր, կամ այդպիսին համարվող, որոնք արտահայտում են կարծիքներ, որոնց իմաստը հետեւյալն է. Սերժ Սարգսյանը ցանկանում է փոխել այն համակարգը, որը ձեւավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում, ցանկանում է փոխել այն ավանդույթները, որ համակարգում ձեւավորվել են Քոչարյանի նախագահության ընթացքում, բայց չի անում այդ բանը, որովհետեւ համարում է, որ փոխելը կվտանգի իր իշխանական դիրքը: Մինչդեռ, ի տարբերություն այն գործիչների, այդ թվում ընդդիմադիր կամ ընդդիմադիր համարվող, ովքեր Սերժ Սարգսյանի համար բեռ են համարում Ռոբերտ Քոչարյանից ստացած ժառանգությունը, ինքը` Սերժ Սարգսյանը, այդ ժառանգությունը հրապարակավ դեռեւս չի համարել բեռ: Ավելին, Սերժ Սարգսյանը կարծես թե իր իշխանությունն առայժմ բավական բարեհաջող ձեւով կառուցում է հենց այդ «ժառանգության» վրա: Վառ վկայությունը Երեւանի քաղաքապետի, թիվ 10 ընտրատարածքի ընտրություններն էին, Նիկոլ Փաշինյանի հանդեպ կայացված դատավճիռը, Քոչարյանի նախագահությունից հետո մինչ այժմ բանտերում պահվող քաղբանտարկյալները, քաղաքական հայացքների պատճառով Սուքիասյանների գործարար ընտանիքի սեփականության հանդեպ ոտնձգությունները: Եթե համակարգը նրան խանգարում է իրապես բարեփոխել երկիրը, ապա Սերժ Սարգսյանը մոտ երկու տարվա ընթացքում գոնե մեկ անգամ այդ մասին անկեղծ կխոսեր հասարակության հետ եւ հասարակությունից օգնություն կխնդրեր համակարգային արատների դեմ պայքարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG