Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրես. «Փաշինյանի նկատմամբ դատավճիռը ցինիզմի դրսեւորման գագաթնակետ էր»


«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հունվարի 19-ին դատարանի արձակած դատավճիռը 2008 թվականի մարտի 1-ի սպանդից ի վեր վարչախմբի որդեգրած սանձարձակ ու հանցավոր քաղաքականության, օրենքի ու արդարադատության, սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի ու ցինիզմի դրսեւորման մի գագաթնակետ էր», - հայտարարում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

«Դատավարության ընթացքում կատարվածի հետ ինչպես որ ոչ մի կապ չուներ պետական մեղադրողի պահանջած պատժաչափը, այնպես էլ դրա հետ ոչ մի աղերս չուներ դատավորի արձակած դատավճիռը։ Դրանք երկուսն էլ նախապես գրված սցենարի մի վերջաբան էին, որ պարտադիր կատարման ենթակա հրահանգի ձեւով իջել էլ կամակատար դատախազին ու դատավորին», - ասված է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի` երեքշաբթի երեկոյան տարածած հայտարարությունում:

Հայ ազգային կոնգրեսը համոզմունք է հայտնում, որ «կայացված ապօրինի դատավճիռը վարչախմբի կողմից հերթական հուսահատ փորձն է՝ ազատվելու համար Մարտի 1-ի սպանդի, հազարավոր քաղաքական հետապնդումների, հանցավոր ընտրակեղծիքների պատասխանատվությունից»։

«Հայ ազգային կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի կայացրած դատավճիռը դիտում է որպես վախի, ցայտնոտի ու խուճապի մեջ գտնվելու արտահայտություն։ Վարչախմբի համար սրանք հոգեվարք ապրողի ջղաձգումներ են», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG