Մատչելիության հղումներ

Հունվարի 15-ի մամուլ


ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հիմնական կազմից «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի դուրս մնալու կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը հարցազրույց է վերցրել նրանից: «Ձեր տպավորությամբ, խնդիր կա՞ դրված, որպեսզի ԵԽԽՎ աշխատանքներին Դուք չմասնակցեք», - այս հարցին ընդդիմադիր պատգամավորը պատասխանել է. - «Քանի որ իմ կարծիքը, որը ես միշտ հայտնել եմ ԵԽԽՎ-ում, տարբերվում է իշխանության եւ այսօր իրեն ընդդիմություն հռչակած Դաշնակցության կարծիքից, դրա համար էլ ցանկություն չկա, որ ժողովրդի ձայնը լսելի լինի ԵԽԽՎ-ում: Նրանք չեն ուզում, որ հասարակության կարծիքը հնչի»: Հարց. - «Այսինքն` Դաշնակցությունն ավելի վերահսկելի՞ է»: Պատասխան. - «Դաշնակցությունը ուղղակի հայտարարել է, որ ընդդիմություն է` պաշտոնապես հրապարակելով կոալիցիայից դուրս գալու իր պատճառները, որոնց թվում միայն նշվում էր, որ իրենք համաձայն չեն այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ: Բայց ներքաղաքական հարցերում նրանք իշխանության հետ համաձայն են: Դաշնակցությունը բացարձակ անգործություն դրսեւորեց այն ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնք տեղի ունեցան մեր երկրում` կեղծված նախագահական ընտրություններ, մարտի 1-ի արյունալի իրադարձություններ, զոհեր, քաղբանտարկյալներ... ՀՅԴ-ն այս ամենի հետ համաձայն է»:

«Հրապարակ»-ի խմբագիրը մի ժամանակագրություն է ներկայացնում. - «Հազիվ էր 2009-ը գլորվել պատմության գիրկը, երբ սկսեցին Հայաստան ժամանել տարբեր, հատկապես ռուսական էմիսարներ, իսկ Հայաստանից մեկնել Ռուսաստան: ՌԴ մեկնեց ՀՀ պաշտպանության նախարարը, ժամանեց ՌԴ արտգործնախարարը: Տարբեր աղբյուրներ սկսեցին խոսել, որ Լավրովը Հայաստան է բերել Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջնական փաստաթուղթը, ու թեեւ դա ՀՀ նախագահի մամուլի խոսնակի կողմից հերքվեց, բայց հարցի արծարծումն արդեն բավական էր դրա իսկությանը հավատալու համար: Լրատվություն տարածվեց, թե օրերս Մոսկվա է մեկնել Բակո Սահակյանը: Ընդ որում՝ գաղտնի: Հայտնի դարձավ, որ հունվարի 18-ին Մոսկվա է մեկնելու նաեւ Սերժ Սարգսյանը: Եվ այդ ամենը՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ֆոնի վրա: Ակնհայտ է, որ մենք Ղարաբաղյան խնդրի կարգավորման պրոցեսների արագացմանն ենք ականատես»:

«Իրավունքը de facto» թերթը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանին հարցրել է. - «Հայ-թուրքական արձանագրությունները քննարկվեցին Սահմանադրական դատարանում: Կայացված վճիռը որքանո՞վ է արդարացնում ընդդիմության, հատկապես ՀԱԿ-ի ակնկալիքները»: Աբգարյանը պատասխանել է. - «Նախ, ըստ մեր Սահմանադրության, այդ արձանագրությունները կարող էին չուղարկվել ՍԴ: Սովորաբար այդ կարգի փաստաթղթերին կարելի է պետության ղեկավարի մակարդակով լուծում տալ: Այսինքն՝ նրա հրահանգով արտգործնախարարը իրագործում է այն: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը ուզում է պատասխանատվությունը բաժան-բաժան անել, արձանագրությունները ուղարկեց նախ՝ ՍԴ, հետո էլ՝ Ազգային ժողով: Վերջինս նույնպես, ըստ Սահմանադրության, կարող է նման կարգի փաստաթղթերի հետ գործ չունենալ: Պատասխանատվության բաժանում. ահա իշխանության գործելակերպը: Մինչդեռ երկրի Սահմանադրության երաշխավորը նախագահն է, ինչը ենթադրում է, որ այս ամենում որեւէ անակնկալ պետք չէ սպասել»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը զրուցել է լուծարված Փաստահավաք խմբի անդամ Ռոբերտ Ավագյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել դեկտեմբերի կեսին Ժորժ Կոլոմբիեյի եւ Ջոն Պրեսկոտի հեղինակած աղմկահարույց զեկույցը: «Ավագյանի դիտարկումներում մի գիծ էր նկատելի», - գրում է մեկնաբանը. - «Եթե Փաստահավաք խումբը չլուծարվեր, ինչի պատճառը, ըստ նրա, խմբի ընդդիմադիր անդամների կողմից թույլ տրված ինֆորմացիոն արտահոսքն էր, ապա մարտի 1-ի բոլոր 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտված կլինեին, արտացոլված կլինեին հանձնաժողովի զեկույցում, եւ այն խոցելի չէր լինի այն աստիճան, որ համազեկուցողները ստիպված լինեին նման կոշտ ու անզիջում գնահատականներ տալ»: Ավագյանը, ի պատասխան լրագրողի հարցին, թե իր դիտարկմամբ նոր փաստահավաք փորձագիտական խումբ ստեղծելու անհրաժեշտության կա՞, ասել է. - «Մենք մուկն ու կատու չենք խաղում, այստեղ մանկապարտեզ չէ, որպեսզի մեր հարգարժան նախագահ պարոն Սարգսյանը նոր փաստահավաք խումբ ստեղծելու կարգադրություն ստորագրի: Դա լուրջ չէ ոչ թե այն առումով, որ 10 զոհեր կան, որ նրանց մահվան հանգամանքները չեն բացահայտվել, այլ լուրջ չէ, քանի որ խմբի ընդդիմադիր անդամները վատ ժառանգություն թողեցին»: Մեկնաբանը նաեւ նկատում է. - «Ինչքան տեղյակ ենք՝ Սերժ Սարգսյանը չի ստորագրել մարտի 1-ի բացահայտման գործը ստանձնած կառույցների, զորօրինակ՝ Հատուկ քննչական ծառայության լուծարման վերաբերյալ որեւէ հրամանագիր, չի իջեցրել այդ մասին որեւէ հրովարտակ: Բայց թե ինչո՞ւ ցայսօր այդ մարմինը մատը մատին չի խփում մարտի 1-ը բացահայտելու համար ու զբաղվում է հանցավոր անգործությամբ, թերեւս հայտնի է բոլորին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG