Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը


Այսօր հայկական կողմի հրավերով Երեւան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ` երկօրյա այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, բանակցությունների կենտրոնում է լինելու Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Այցի ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ուղղված բանակցային գործընթացը շարունակելու շուրջ` Ռուսաստանի ստանձնած միջնորդական առաքելության համատեքստում: Կքննարկվի նաեւ իրադրությունը Հարավային Կովկասում, երկկողմ համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

«Չնայած գլոբալ ճգնաժամային միտումներին` հայ - ռուսական համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է, առկա է պարբերական քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով», - նշել է Անդրեյ Նեստերենկոն` հիշեցնելով նախորդ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ տեղի ունեցած բազմակի հանդիպումները:

«Մոսկվայում դրական են գնահատում Երեւանի հետ համագործակցությունը եւ ակնկալում են այդ աշխատանքի արդյունավետ շարունակություն», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG