Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` թիվ 10-ում հաղթել է Արա Սիմոնյանը


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կիրակի օրը անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների նախնական տվյալներով` հաղթել է Արա Սիմոնյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուն ստացել է 7622 ձայն:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր` ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ըստ նույն աղբյուրի, ստացել է 5023 քվե, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն, անվավեր ձայների թիվն է 438:

Քվեարկությանը մասնակցել է 13 հազար 380 ընտրող:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ վկայությամբ` քվեարկության օրվա ընթացքում թեկնածուների շտաբներից բողոք-դիմումներ չեն ստացվել, երկու դիմում-բողոք ստացվել է դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության կողմից:

Հարցին` կարո՞ղ են արդյոք ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ նշանակելու հիմք հանդիսանալ խախտումները, որոնց մասին ահազանգեր էին ստացվում Նիկոլ Փաշինյանի շտաբից, ինչպես նաեւ լրագրողների կողմից, Սիլվա Մարկոսյանը արձագանքեց. - «Մինչեւ այս պահը այնպիսի խախտում, որը ազդի ընտրության արդյունքի վրա, հայտնի չէ, բայց ունենք տեղամաս, որը փակված է եղել ինչ-որ ժամանակահատված. վիճել են իրար հետ թե հանձնաժողովի անդամներ, թե դիտորդներ, վստահված անձինք` մեզ դեռ պարզ չէ, չնայած այցելել եմ հենց այդ տեղամաս, բայց միեւնույն է` հստակ չէր, թե ինչ է տեղի ունեցել, բայց տեղամասը փակվել էր: Դա թիվ 10-ի 19 տեղամասն էր: Մի քանի տեղամասերի արձանագրությունները` երկու թե երեք, ստորագրության կողքին հատուկ կարծիք կա, որը մատյաններում պիտի թերթենք, թե ինչ է հատուկ կարծիքը իր մեջ պարունակում»:

Թեկնածուները կարող են վերահաշվարկի պահանջով իրենց դիմում-բողոքները հանձնաժողով ներկայացնել երկուշաբթի կեսօրից հետո մինչեւ ժամը 14:00-ը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG