Մատչելիության հղումներ

Բուրսան կրկին ընդունում է հայաստանցի մարզիկների


Շախմատի աշխարհի թիմային առաջնության լոգոն
Շախմատի աշխարհի թիմային առաջնության լոգոն

Տասը երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իսրայելի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ազգային հավաքականները թուրքական Բուրսա առափնյա քաղաքում պայքարելու են շախմատի աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսի համար:

Հայաստանի թիմը գլխավորում է միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթող Լեւոն Արոնյանը, ով ՖԻԴԵ-ի 2010 թվականի հունվարի վարկանիշային աղյուսակում 2781 միավորով հինգերորդ տեղն է զբաղեցնում:

Արոնյանը խաղալու է առաջին տախտակին, երկրորդը Վլադիմիր Հակոբյանն է, երրորդը` Գաբրիել Սարգսյանը, չորրորդը` Արման Փաշիկյանը: Առաջին պահեստային մարզիկը Տիգրան Պետրոսյանն է, երկրորդը` Տիգրան Քոթանջյանը:

Հայաստանյան թիմի մարզիչը Արշակ Պետրոսյանն է:

Մարզիկները կիրակի օրն են ժամանել Բուրսա, հաջորդ օրը կայացել է շախմատի աշխարհի թիմային առաջնության բացումը, իսկ երեքշաբթի արդեն տեղի կունենա առաջին փուլը, ընդ որում` Հայաստանի հավաքականի մրցակիցը Ադրբեջանի ընտրանին է, որը նույնպես ուժեղ կազմով է ժամանել Բուրսա:

Մրցաշարը կանցնի 9 փուլով, որոնցից վերջինը տեղի կունենա հունվարի 13-ին, նույն օրն էլ նշանակված է առաջնության փակման հանդիսավոր արարողությունը:

2009 թվականի հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում կայացել էր ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան հանդիպումը, որին ներկա էին երկու երկրների նախագահներ Աբդուլա Գյուլը եւ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG