Մատչելիության հղումներ

Բուրսայում կայացան հայ - թուրքական բանակցությունները


Աբդուլա Գյուլը Բուրսայում ողջունում է Սերժ Սարգսյանին, 14 հոկտեմբերի, 2009
Աբդուլա Գյուլը Բուրսայում ողջունում է Սերժ Սարգսյանին, 14 հոկտեմբերի, 2009

Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում չորեքշաբթի օրը կայացան բանակցությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այստեղ ժամանած պատվիրակության եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի գլխավորած պատվիրակության միջեւ: Այդ բանակցություններին հետեւեց նախագահների դեմ առ դեմ հանդիպումը:

Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Հայաստանի նախագահը Բուրսա էր ժամանել Երեւանի ժամանակով ժամը 18:40: Օդանավակայանում Հայաստանի պատվիրակությանը դիմավորել էին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Սերժ Սարգսյանի հետ Թուրքիա էին մեկնել նաեւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, նախագահի աշխատակազմի եւ արտգործնախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահին ուղեկցում էին նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Օդանավակայանից Սերժ Սարգսյանը նախ ուղեւորվեց «Հոլիդեյ ինն» հյուրանոցը, որտեղ հանդիպում ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ:

Հետո նախագահն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ժամանեցին «Ալմիրա» հյուրանոց, որտեղ նրանց արդեն սպասում էին նախագահ Աբդուլա Գյուլը եւ թուրքական պատվիրակության անդամները:

Բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահի անունից Սերժ Սարգսյանի պատվին տրվեց ճաշ եւ կազմակերպվեց ընդունելություն, այնուհետեւ երկու նախագահները ուղեւորվեցին Աթաթուրքի անվան մարզադաշտ, որտեղ Երեւանի ժամանակով
Սերժ Սարգսյանը եւ Աբդուլա Գյուլը մարզադաշտում հետեւում են Թուրքիա - Հայաստան հանդիպմանը
ժամը 23:00-ին սկսվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան
հանդիպումը:

Հոկտեմբերի 14-ի հանդիպումը, ինչպես եւ անցած տարվա սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած խաղը, կրկին հաղթանակ բերեց Թուրքիայի հավաքականին, միեւնույն` 2:0 հաշվով: Առաջին խաղակեսում Հալիլ Ալթինթոփի եւ Սերվետ Չեթինի խփած գնդակները այդպես էլ մնացին անպատասխան:

Մարզադաշտում, չնայած բոլոր կանխատեսումներին, միայն մի անգամ ադրբեջանական դրոշներ հայտնվեցին, այն էլ` շատ կարճ ժամանակահատվածով: Այլ լուրջ միջադեպեր խաղի ընթացքում չարձանագրվեցին:

Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը ներկա էին նաեւ Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Խաղի ավարտին նախատեսված էր Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության հրապարակումը: Չնայած դրան` լրագրողների հետ հանդիպեց միայն Էդվարդ Նալբանդյանը` ընդհանուր գծերով ներկայացնելով երկու երկրների նախագահների բանակցությունների հիմնական թեման:

«Այսօր Թուրքիայի նախագահ Գյուլը ասում էր. - «Եթե Հայաստանի նախագահ Սարգսյանը ինձ չհրավիրեր մեկ տարի առաջ ֆուտբոլի խաղին, արդյո՞ք հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը այս առաջընթացը կունենար այս մեկ տարվա ընթացքում»: Այսօրվա խաղն էլ լավ առիթ էր երկու նախագահներին` հանդիպելու եւ հետադարձ հայացքով նայելու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ կատարվեց երկու երկրների միջեւ` հարաբերությունների կարգավորման իմաստով, եւ նաեւ` ինչ պետք է անել հատկապես չորս օր առաջ ստորագրված արձանագրություններից հետո, որպեսզի այս արձանագրությունները շուտափույթ կյանքի կոչվեն, առաջին հերթին` վավերացվեն եւ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջեւ», - ասաց Հայաստանի արտգործնախարարը` վստահեցնելով. - «Սա կբացի այն փակ դուռը, որը երկար տարիներ մեր երկու երկրներին, ժողովուրդներին բաժանել էր իրարից, եւ հնարավորություն կտա հիմքեր դնել հարաբերությունների զարգացմանը մեր երկու երկրների միջեւ»:

Նալբանդյանը նաեւ հիշեցրեց, որ բացի պատվիրակությունների կազմով եւ դեմ առ դեմ բանակցություններից, Գյուլը Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում նաեւ ընթրիք է մատուցել ի պատիվ Սերժ Սարգսյանի:

«Այս կապակցությամբ Անկարայից հատուկ բերվել էր ուտեստեղեն, որը պատրաստել էր նախագահ Գյուլի կինը», - փոխանցեց Հայաստանի արտգործնախարարը: - «Այս ժեստով նախագահ Գյուլը ցանկանում էր հատուկ ջերմություն հաղորդել Հայաստանի նախագահի ընդունելությանը»:

Այնուհետեւ Հայաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը վերադարձավ Երեւան:

Սա նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն էր Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն էր Թուրքիա:


Կարինե Սիմոնյան եւ Գեւորգ Ստամբոլցյան, Բուրսայից

Նախագահներն առանձնազրույց ունեցան
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG