Մատչելիության հղումներ

Կաշառք վերցնելու փաստով ձերբակալվել են բնապահպանության նախարարության երկու պաշտոնյաներ


Կաշառք վերցնելու փաստով երեկ ձերբակալվել են Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանը եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը:

Ոստիկանության` այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու եւ կազմվող ակտի գումարի չափը մինչեւ 10 միլիոն դրամ (մոտ 26 հազար դոլար) նվազեցնելու համար պահանջել է 5 միլիոն դրամ կաշառք:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` երեկ բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով Արսեն Պետրոսյանը մերկացվել է: Նրա մոտ հայտնաբերվել է վերցված գումարից 1 միլիոն 210 հազար դրամը, իսկ մնացած 3 միլիոն 790 հազար դրամը Պետրոսյանը, ըստ հաղորդագրության, հասցրել էր փոխանցել Գրիգորյանին:

Միջոցառման ընթացքում, բացի վերցված կաշառքից, Պետրոսյանն իր գրպաններից ներկայացրել է նաեւ 2 միլիոն դրամ եւ հազար դոլար, իսկ Գրիգորյանը, բացի Պետրոսյանի տված գումարից, նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ ներկայացրել է 3 միլիոն 800 հազար դրամ, 15 հազար դոլար ու եւս 18 հազար դոլար:

Նախապատրաստված նյութերով գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասով, որով սահմանված է 7-ից մինչեւ 12 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG