Մատչելիության հղումներ

Հմայակ Հովհաննիսյանը հանեց թեկնածությունը թիվ 10 ընտրատարածքում


Քաղաքագետների միության նախագահ, անկուսակցական Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես եւ խոստացել էր, երկուշաբթի օրը պաշտոնապես հանեց իր թեկնածությունը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում:

Հովհաննիսյանը ինքնաբացարկի վերաբերյալ դիմում ներկայացրեց թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանին եւ հանձնեց պատգամավորի թեկնածուի վկայականը:

«Իմ դիմումում ես հայտարարում եմ ինքնաբացարկ եւ դիմում եմ ընտրական հանձնաժողովի նախագահին պահանջով, որպեսզի իմ գրանցումը ուժը կորցրած ճանաչվի, եւ իմ ազգանունը չընդգրկվի քվեաթերթիկներում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Նա մեկ անգամ եւս հայտարարեց, որ իր թեկնածությունը հանում է թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության մեկ այլ թեկնածու` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի օգտին:

Թիվ 10 ընտրատարածքը թափուր է մնացել Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո: Այժմ արդեն այդ մանդատի համար պայքարում են երեք թեկնածուներ` Նիկոլ Փաշինյանը, «Ազգային միաբանություն« կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG