Մատչելիության հղումներ

Իրանում նոր բախումների հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել


Անցած շաբաթավերջին Իրանում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ իրավապահների միջեւ, որոնց հետեւանքով, ինչպես երկուշաբթի առավոտյան հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը, զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում` Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի զարմիկը:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով իրանական Kaleme կայքը, Միր-Հոսեյն Մուսավիի խորհրդական Ալիռեզա Բեխեշտին հաստատել է, որ Մուսավիի 36-ամյա զարմիկը սպանվել է:

Ըստ «Ֆրանսպրես»-ի, Սեյեդ Ալի Մուսավին կիրակի օրը Թեհրանի կենտրոնական «Էնղելաբ» հրապարակում անցկացված հակակառավարական հանրահավաքի ժամանակ հրազենի կրակոցից վիրավորվել է սրտի շրջանում: Նա մահացել է հիվանդանոցում:

«Մահ բռնապետին» վանկարկելով` կիրակի առավոտյան մի քանի հազար ընդդիմադիրներ դուրս էին եկել նախ Թեհրանի «Էնղելաբ» հրապարակ: Ի պատասխան, Թեհրանի ոստիկանությունը կիրառել է նույն մեթոդները, որոնց իրավապահները դիմել էին հունիսին` նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

Վերջին տվյալներով` մայրաքաղաք Թեհրանում շուրջ 300 ցուցարարներ ձերբակալվել են:

Բախումներ են տեղի ունեցել նաեւ Սպահան, Նաջաֆաբադ եւ Շիրազ քաղաքներում:

Իրանական ընդդիմության կողմնակիցները խոստանում են երկուշաբթի օրը եւս դուրս գալ Թեհրանի փողոցներ` շարունակելով բողոքի լայնամասշտաբ գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG