Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը խոստանում է 2010 թվականը դարձնել «վերականգնման տարի»


Հայաստան -- Նախագահ Սարգսյանը շնորհավորում է հայ գործարարների Ամանորը, 22-ը դեկտեմբերի, 2010թ.
Հայաստան -- Նախագահ Սարգսյանը շնորհավորում է հայ գործարարների Ամանորը, 22-ը դեկտեմբերի, 2010թ.

«Հայաստանում կայանում է գործարարների այն խավը, որի նպատակադրումը ոչ թե այսրոպեական շահույթներ կորզելն է, այլ երկարաժամկետ ու ծանրակշիռ գործարար ձեռագիր կերտելը», - Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ կայացած ընդունելությանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով իր նստավայրում ընդունելության հրավիրված գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչներին:

Նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը` նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների դեմ, այլեւ լուծումներ փնտրելիս անընդհատ հաշվի առնել մարդկային գործոնը` գիտակցելով աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը»:

Նախագահի գնահատմամբ, կառավարության եւ գործարարների համագործակցության արդյունքում Հայաստանը կարողացել է խուսափել «ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից, սոցիալապես առավել անապահով խավի վրա բացասական մեծ ազդեցությունից»:

Նախագահ Սարգսյանը նաեւ խոսել է ապագայի մասին՝ հույս հայտնելով, որ «տնտեսական միասնականության, կառավարության հետ առավել փոխլրացմամբ աշխատելու կարեւորագույն սկզբունքը պետք է շարունակվի նաեւ 2010 թվականին», իսկ «ամրության փորձությունն անցած բանկային համակարգը պիտի կարողանա ակտիվության շարժիչ դառնալ փոքր ու միջին բիզնեսի համար»:

«Ե՛վ կառավարությունը, ե՛ւ նախագահի աշխատակազմը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի 2010 թվականը դառնա, իրոք, վերականգնման տարի», - խոստացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG