Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 22-ի մամուլ


Հայաստանյան մամուլը սկսում է ամփոփել 2009 թվականը:

«Ժամանակ»-ը գրում է. - «Խորհրդանշական է, որ «Վագրի» տարուց առաջ, տարածաշրջանային վագր հռչակված Հայաստանի տնտեսությունը կարծես թե դարձել է կատու: 2009 թվականի առաջին 11 ամիսներին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի տնտեսությունը արձանագրել է 16 տոկոս անկում: Իշխանությունն այդ անկումը պայմանավորում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, թեեւ նույն այդ իշխանությունը մեկ տարի առաջ, երբ աշխարհում թափ էր հավաքում ճգնաժամը, հավաստիացնում էր, որ Հայաստանի համար դա նույնիսկ զարգացման հնարավորություն է: Տեսնում ենք, որ իշխանությունը կամ գիտակցաբար խաբում էր հասարակությանը, կամ էլ պարզապես չէր տիրապետում իրավիճակին եւ չէր պատկերացնում, թե ինչի հետ գործ ունի: Կա իշխանություն, որն այդքան էլ լավ չի պատկերացնում իրավիճակն ու անելիքը, բայց մյուս կողմից էլ` այդ իշխանությունը կառչած է մնում իշխանական լծակներին ու թույլ չի տալիս, որ հասարակությունն իշխանության բերի այն ուժին, որին ավելի է վստահում: Ակնհայտ է, որ իշխանությունը ուղղակի չգիտեր, թե ինչ է լինելու` թե' աշխարհի, թե' Հայաստանի կտրվածքով»:

«Կապիտալ»-ի մեկնաբանը նույնպես ամփոփում է տարին. - «Դանդաղ ու տարտամ տարին մոտենում է ավարտին: Հայ - թուրքական հարաբերություններին ստորադասված մի տարի, որն այդպես էլ ոչ մի արդյունք Հայաստանի ներքին կյանքում չծնեց: Հաջորդ տարի եւս ամբողջ ներքաղաքական-հասարակական գործընթացը կդրվի հայ - թուրքական արձանագրությունների վավերացման-չվավերացման զոհասեղանին: Դարավոր կուսակցությունն անհանգիստ օրեր կպարգեւի մեզ: Կոնգրեսն ամբողջ օրակարգը կնվիրի Նիկոլ Փաշինյանին: Իսկ իշխանական կոնգլոմերատի հռչակած արդիականացումը, երեւելիների հայհոյախառն տեսահոլովակներով համեմված, դոփում է եւ կդոփի տեղում: Արդիականացումից զուրկ տասը տարվա առաջընթացը հանգեցրեց վարկային միլիարդավոր դոլարների, ապագայի պարտքերի ու ընթացիկ տոկոսների»:

Lragir.am-ը գրում է. - «Այժմ իշխանական բառապաշարի մեջ սկսել է երկխոսությունից ավելի շատ հնչել հանդուրժողության մասին: Գոնե ասեն, թե իսկ ինչ պետք չէ հանդուրժել: Չէ որ անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ բոլորը բոլորին հանդուրժում են: Հանդուրժողությունը սահման ունի, որը անցնելու դեպքում այն դառնում է ուղղակի հասարակական եւ պետական աղետ: Հանդուրժողության մասին կոչերը ոչ այլ ինչ են, քան կոչ անօրինականությունները հանդուրժելու մասին: Իշխանությունը չի ցանկանում քննարկել իր գործողությունների օրինականությունը, այլ դրանք քննարկելու բոլոր փորձերի պարագայում պաշտպանվում է հանդուրժողության եւ երկխոսության մասին կոչերով: «Եթե չեք երկխոսում, այսինքն եթե չեք ցանկանում պայմանավորվել մեզ հետ, ապա պետք է հանդուրժեք», - ահա թերեւս այն տրամաբանությունը, որ ամփոփված է երկխոսության եւ հանդուրժողության մասին իշխանական կոչերի մեջ: Մինչդեռ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի գլխավոր եւ կոնկրետ խնդիրը ոչ թե երկխոսության եւ հանդուրժողության, այլ սահմանադրականության եւ օրինականության բացակայությունն է»:

«Հայք»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանն այժմ ոչնչով չի տարբերվում եւ Ծուռ հայելիների թագավորությունից, եւ Խորհրդային Միությունից: Գրեթե ամեն օր բռնում են ինչ-որ իրավապահի, որը կամ կաշառք է վերցնում, կամ բանտարկյալներին թմրանյութ է հասցնում, ձերբակալում կամ տուգանում են նրանց, ովքեր անհարկի բարձրացրել են ինչ-ինչ ապրանքատեսակների գներ կամ պետությունից խոշոր չափերի գումարներ յուրացրել: Մի խոսքով, միամիտներին հաստատ կթվա, որ իշխանություններն անխնա պայքար են մղում հանցաշխարհի դեմ: Բայց երբ ծանոթանում ենք իրական աշխարհին, հասկանում ենք, որ այս ամենը շոու է: Հասկանում ենք, որ խեղճ ու կրակ մի իրավապահի դատելուց հետո ավելանում են միայն բանտարկյալներին հասցվող ապրանքների գները, որ կաշառք վերցնող դասախոսները սկսում են ավելի զգույշ գործել` միաժամանակ ավելացնելով իրենց գները: Ապրանքներն էլ շարունակում են թանկանալ, դոլարն էլ իջնում կամ բարձրանում է, երբ պետք է լինում այս կամ այն օլիգարխին: Օիլգարխներն ավելի ցինիկ են դառնում, ավելի վստահ իրենց ուժերին, պաշտոնյաներն ավելի ցինիկ եւ լկտի են դառնում, իսկ ժողովուրդն էլ այս ամենից զզվելով տարբեր ճանապարհներ է փնտրում երկրից հեռանալու համար: Եվ գնալով ավելի հասկանալի է դառնում, որ այս մղձավանջը հնարավոր կլինի վերացնել միայն մի դեպքում, եթե իշխանություններն այն վերացնելու ցանկություն հայտնեն»:

«Գոլոս Արմենիի»-ն զարմանում է. - «Անցած շաբաթ Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Հայաստանը պետք է հասնի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը»: Այս հայտարարությունը առնվազն տարօրինակ է, քանի որ ինքնորոշման իրավունք ունեն բոլոր ժողովուրդները, եւ ոչ ոք չի կարող նվիրել այն կամ ուրիշների համար ճանաչել: Ավելին, Արցախի ժողովուրդը արդեն բազմիցս իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը: Բնութագրական է, որ խոսնակն ինքը ավելի ուշ խոսում է նույնի մասին. - «Գոյություն չունի միջազգային իրավունքի որեւէ նորմ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ միջազգային փաստաթուղթ, որ կասկածի տակ դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը»: Ամեն ինչ ճիշտ է: Այս դեպքում հարց է ծագում. իսկ ինչո՞ւ այս բոլոր տարիներին Հայաստանը հարցը չի դնում եւ չի հասնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG