Մատչելիության հղումներ

Այս տարի աշխարհում սպանվել է 68 լրագրող


2009 թվականի ընթացքում աշխարհում առնվազն 68 լրագրող է սպանվել մասնագիտական գործունեությանը առնչվող հանգամանքներում, փաստում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի տարեվերջյան զեկույցը: Սա կոմիտեի կողմից մինչ այժմ արձանագրած ամենաբարձր տարեկան ցուցանիշն է:

Այս աննախադեպ ցուցանիշը գրանցվեց Ֆիլիպինների հարավում նոյեմբերի 23-ին ընտրարշավի շրջանում լրատվամիջոցների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչների զանգվածային սպանության դեպքով:

11 լրագրող զոհվել է ռազմական գործողությունների կենտրոնում գտնվելիս, 7-ը՝ վտանգավոր իրադարձություններ լուսաբանելիս, ինչպիսիք են ոստիկանական հարձակումները կամ բողոքի ցույցերը, սակայն դեպքերի երեք քառորդը հաշվեհարդար է լրագրողների հետ` նրանց կատարած աշխատանքի համար:

Լրագրողներից 4-ը սպանվել են Իրաքում, 9-ը՝ Սոմալիում, 4-ը՝ Պակիստանում, 3-ը՝ Ռուսաստանում, 2-ական՝ Մեքսիկայում եւ Շրի Լանկայում: 2 լրագրող է զոհվել մասնագիտական գործունեության համար անազատության մեջ գտնվելիս անուշադրության մատնվելու հետեւանքով, նրանցից մեկը՝ Ադրբեջանում, մյուսը՝ Իրանում:

Առնվազն 2 լրագրող անհետ կորել է անցնող տարվա ընթացքում, մեկը՝ Մեքսիկայում, մյուսը` Եմենում:

Կոմիտեն նաեւ արձանագրում է, որ սպանված լրագրողների կեսից ավելին՝ 56 տոկոսը տպագիր մամուլի ներկայացուցիչներ են:

Ամենալուրջ խնդիրը, ըստ զեկույցի հեղինակների, այն է, որ մարդասպանները մնում են անպատիժ:

2009 թվականի ցուցանիշը ավելի քան 60 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, երբ գրանցվել էր լրագրողների սպանության 42 դեպք:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 1992 թվականից մինչ օրս աշխարհում սպանվել է 795 լրագրող:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG