Մատչելիության հղումներ

Լրտեսության փաստով հարուցված գործը ուղարկվել է դատարան


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործն ուղարկվել է Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Հայաստանի քաղաքացի, պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Գեւորգ Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել եւ նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ Հայաստանի զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

«Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Բաղերիին Հայրապետյանը հյուրընկալել է իր տանը եւ, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչեւան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից: Բացի այդ՝ Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն եւ ռազմամթերք», - ասված է դատախազության հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299 հոդվածի առաջին մասով (լրտեսության ձեւով պետական դավաճանություն) եւ 235 հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ Իրանի քաղաքացի Բաղերիին՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 302 հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG