Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում անցկացրել է եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանների խորհրդակցություն


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում անցկացրել է եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` խորհրդակցությանը անդրադարձ է արվել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների` սեպտեմբերին Երեւանում կայացած ամենամյա խորհրդակցությանը երկրի նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին է ներկայացրել Եվրամիության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվել եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Անդրադարձ է արվել դեկտեմբերի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին եւ ընդունված փաստաթղթերին, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցելու է նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին, ուր նախատեսված է նաեւ Հայաստանի արտգործնախարարի ելույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG