Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 15-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեկնաբանել է վարչապետ Տիգրան Սարգսյանի` նախօրեին հնչեցրած հետեւյալ միտքը. - «Մենք պետք է սովորենք ապրել արտակարգ իրավիճակների պայմաններում»: Թերթը նկատում է. - «Միանգամից ասենք` Հայաստանը շատ վաղուց է ապրում արտակարգ իրավիճակների պայմաններում, ու կարծես լավ էլ սովորել է: Համենայն դեպս, մեր վիճակում հայտնված որեւէ այլ ժողովուրդ հազիվ թե տասը տարի հանդուրժեր այս վիճակը: Չէ, մենք հասկանում ենք, որ Տիգրան Սարգսյանը տարերային աղետները նկատի ունի, բայց բանն էլ հենց այն է, որ այս իշխանություններն իրենց էությամբ առանձնապես չեն տարբերվում տարերային աղետից (համենայն դեպս` հետեւանքների առումով): Կոնկրետ Տիգրան Սարգսյանի մեկուկես տարվա գործունեության արդյունքներն, օրինակ, ակնհայտ են. տնտեսությունը 18 տոկոսանոց անկում է արձանագրել, արտագաղթի տեմպերն արագանում են եւ այլն: Սովորաբար ճիշտ այդպիսի հետեւանքներ են ունենում, ասենք, աղետալի երկրաշարժը, ջրհեղեղները: Այնպես որ` քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրն այսօր «աղետի հետեւանքների վերացումն է»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումներն ու գնահատելով դրանցում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր միավորման դերը, եզրակացնում է. - «Դատելով Կոնգրեսի ներկայիս գործունեությունից, ինչպես նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից ու նաեւ ՀԱԿ վերջին մի քանի հայտարարություններից` կարող ենք արձանագրել, որ Կոնգրեսը սկսել է առավելապես ապավինել արտաքին քաղաքական իրավիճակին եւ կոնյունկտուրային: Կարծես թե նշմարվում է մի իրողություն, ըստ որի ՀԱԿ-ն այլեւս իր հիմնական ուժն ու իշխանափոխության գլխավոր գրավականը համարում է ոչ թե հասարակության ակտիվությունն ու հասարակական գործոնի առկայությունը, այլ արտաքին քաղաքական իրավիճակն ու Հայաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ միջազգային քաղաքական կենտրոնների ունեցած ծրագրերն ու տրամադրությունները: Տպավորությունն այնպիսին է, որ ՀԱԿ հիմնական հաշվարկը հետեւյալն է` սպասել, չսրել իրավիճակը, մտածելով առավելապես ընդդիմադիր դաշտում դիրքերը չզիջելու, իշխանությանը որեւէ այլ լուրջ մրցակցից զերծ պահելու մասին, որպեսզի իշխանությունը առավելապես զբաղվի արտաքին հանձնառություններով, չկարողանալով ներքին բարդությունների պատճառով խուսանավել դրանց գործնականացման հեռանկարից: Իսկ դրանց գործնականացման առումով` Կոնգրեսը, թերեւս, ակնկալում է, որ ի վերջո Սերժ Սարգսյանի իշխանությունը կանգնելու է արտաքին քաղաքական խոսոտւմները թե' հայ - թուրքական, թե' Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների առումով իրականացնելու պարտադրանքի առաջ»:

«Առավոտ»-ի խմբագիրը բացահայտում է «քաղաքական համակարգ» կոչվածի իրական բովանդակությունը` գրելով. - «Երբ ասվում է, որ քաղաքական համակարգը կարող է կայանալ միայն արդար ընտրությունների դեպքում, դա, հավատացեք, չափազանցություն չէ: Ընտրությունները ցանկացած կուսակցության համար ստուգատես են, եւ երբ մարդը հասկանում է, որ իրականում ոչ մի քննություն չի կազմակերպվում, եւ գնահատականները դրվում են «ծանոթի միջոցով», նա ունի երկու ճանապարհ` կա'մ ինքն է սկսում ծանոթներ փնտրել, կա'մ թքում է բոլոր տեսակի ընտրությունների վրա ու մեկուսանում է: Համընդհանուր հուսալքության մթնոլորտում, երբ հերթական անգամ ապացուցվում է, որ «նրանց դեմ խաղ չկա», ինչպես կուսակցությունները, այնպես էլ անհատները այլեւս դադարում են այդպիսին լինելուց եւ դառնում են «կոլեկտիվի անդամ»:

Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, Թուրքիայի արտաքին քաղաքականության պտուղները վնասում են հենց իրեն` Թուրքիային: «Բանն այն է, որ վերջին ամիսների ընթացքում թուրքական դիվանագիտությունը այնքան ջանքեր է գործադրել Վաշինգտոնում Հայկական հարցում ավելի քան կոշտ ու անզիջում դիրքորոշումներ որդեգրելու համար, որ այժմ հարկ է լինում քաղել իր ցանած «թունավոր սերմերի» դառը պտուղները։ Նոր էր Թուրքիայի վարչապետը հեռացել Միացյալ Նահանգներից, երբ Հայաստանի նախագահի հետ հեռախոսազրույց ունեցավ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ վերահաստատելով առանց նախապայմանների հայ - թուրքական երկխոսությունը շարունակելու Վաշինգտոնի մտադրությունը»։

«Իրավունքը de facto»-ն գրում է. - «Չնայած Հայաստանի իշխանական շրջանակներից հնչող պնդումներին, թե Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջիկայում կայցելի Հայաստան, Մոսկվայի մեր աղբյուրները շատ ցածր են գնահատում դրա հավանականությունը: Առաջին պատճառն այն է, որ այսօր ավելի են սրվել հակասությունները Ռուսաստանի «իշխանական դուետում», եւ դա վերաբերում է նաեւ հետխորհրդային տարածքում Մոսկվայի հետագա արտաքին քաղաքականությանը: Եթե Ռուսաստանի նախագահը հանդես է գալիս «փափուկ ուժի» կողմնակցի դիրքերից եւ կարեւորում աշխատանքը հետխորհրդային երկրների տեղեկատվական, կրթական ու հումանիտար դաշտում, ապա «կոշտ» գծի կողմնակից Ռուսաստանի վարչապետը դրան ամենեւին էլ համաձայն չէ: Բացի այդ, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, մեր աղբյուրի պնդմամբ, ռուսական կառավարությունում համարում են «անթույլատրելի ինքնուրույնություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG