Մատչելիության հղումներ

21 պատգամավորներ նախագահին խնդրում են ներում շնորհել Սասուն Միքայելյանին


Ազգային ժողովի 21 պատգամավորներ` իշխող կոալիցիայի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչներ եւ անկախ պատգամավորներ, բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով ներում շնորհել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին:

«Լրատվամիջոցներից տեղեկանալով Սասուն Միքայելյանի առողջական ծանր վիճակի մասին, մենք եւս մտահոգված ենք նրա առողջությամբ: Մեր նախկին գործընկերոջը բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը հայտարարել է, որ «Սասուն» ջոկատի հրամանատարը լուրջ բուժման, վիրահատության կարիք ունի, եւ բանտային պայմանները նրա համար կարող են առողջական հավելյալ խնդիրներ ստեղծել: Անկախ նրանից, թե Միքայելյանն ինչ պատճառներով է կալանավորվել, մենք խնդրում ենք ՁԵզ` օգտվելով Սահմանադրության 55 հոդվածով ՁԵզ վերապահված լիազորություններից, ներում շնորհելու միջոցով ազատել Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից», - ասված է պատգամավորների նամակում:

Ստորագրահավաքը նախաձեռնել են մի խումբ լրագրողներ, որոնցից մեկը` «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Թագուհի Թովմասյանն էլ հրապարակել է բաց նամակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG