Մատչելիության հղումներ

ՀԲ. «Հայաստանը կարիք ունի աղետների ռիսկի նվազեցման»


Հայաստանը կարիք ունի աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակների լավագույն կառավարման: Այդ եզրակացությանն է եկել Համաշխարհային բանկը (ՀԲ)` ուսումնասիրելով երկրում բնածին աղետների պատճառներն ու հետեւանքները, դրանց կանխարգելման հնարավորությունները:

Նման կառավարման համար, ըստ Համաշխարհային բանկի, կան բոլոր դերակատարները` անհրաժեշտ գերատեսչությունները, մարդիկ, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիք, բայց պակասում է համապարփակ ազգային ծրագիր: Այն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, «կհստակեցնի բոլոր այդ գերատեսչությունների, մարմինների գործունեությունը, ավելի էֆեկտիվ կօգտագործվեն այն սուղ միջոցները, որոնք բյուջեից տրամադրվում են դիմագրավելու աղետներին, որոնք, ցավոք սրտի, ողջ այդ փունջը` սկսած երկրաշարժից, ավարտած ջրհեղեղներով, տեղ ունեն մեր երկրում»:

Տարեկան կտրվածքով աղետները հսկայական կորուստներ են հասցնում Հայաստանին: Նշելով, որ Հայաստանում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծվել է մի հսկայական համակարգ` աղետներին պատրաստ լինելու համար, Վիգեն Սարգսյանը հավելեց. - «Մյուս կողմից, լավ կլիներ, իհարկե, որ որոշ դեպքերում, ասենք` սողանքների մասին ենք խոսում, այդ աղետի հետեւանքները լուծվեին այնպես, որպեսզի տվյալ կոնկրետ տարածքում այդ խնդրին մոտակա ժամանակներս որեւէ վերադարձ այլեւս չլիներ»:

Բնապահպան Սամվել Խոյեցյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ Հայաստանում շատ բան գրվում, բայց քիչ բան իրականացվում է. - «Ըստ էության, ամեն ինչ կա գրված, ամեն ինչ նորմալ է, բայց իրականացման գործընթացում նորից շարունակում է նախկինի պես իրականացնել: Ասվում է, բայց չի արվում` ամբողջ խնդիրը դա է»:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տվյալներով` երկրում 2009 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է տարերային աղետների թիվը. եթե 2008 թվականին փրկարար ծառայությունը գրանցել է 233 տարերային աղետ, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին գրանցված բնածին արտակարգ իրավիճակների թիվը արդեն 356-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG