Մատչելիության հղումներ

Բրյուսելում կհանդիպեն Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին մեկնում է Բրյուսել, որտեղ կհանդիպեն կառույցի եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարները։

Եվրամիության նախաձեռնած «Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցում են նախկին Խորհրդային Միության վեց պետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսն ու Ուկրաինան։ Ծրագրի մեկնարկը պաշտոնապես տրվեց այս տարվա մայիսին՝ Պրահայում: Եվրամիությունը շոշափելի առավելություններ խոստացավ հետխորհրդային երկրներին, մասնավորապես` ազատ առեւտրային ռեժիմ, ֆինանսական լուրջ օժանդակություն, այդ երկրների քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի վիզաների տրամադրման հեշտացում: Փոխարենը` Եվրամիությունը ակնկալում է բարեփոխումներ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում։

Եվրամիությունում այժմ նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Եվրամիության եւ հետխորհրդային վեց երկրների արտգործնախարարների հանդիպմանը ներկա կլինեն նաեւ Եվրախորհրդարանի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ներկայացուցիչները։ Քննարկումների ավարտին կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը, ամենայն հավանականությամբ, կվարի Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG