Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ Արաբական Միացյալ էմիրությունները խորացնում են հարաբերությունները


Էդվարդ Նալբանդյան եւ Անվար Գարգաշ, Երեւան, 5-ը դեկտեմբերի, 2009
Էդվարդ Նալբանդյան եւ Անվար Գարգաշ, Երեւան, 5-ը դեկտեմբերի, 2009

«Արաբական Միացյալ Էմիրությունների համար Հայաստանը ամենակարեւոր երկրներից մեկն է», - հայտարարեց Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշը շաբաթ օրը Երեւանում կայացած ասուլիսում:

«Որեւէ խնդիր` Հայաստանի եւ արաբ ժողովուրդների, երկրների միջեւ հարաբերությունների զարգացման, չկա, հակառակը` առկա է բազմադարյա բարեկամություն եւ խորը հարգանք մեր ժողովուրդների միջեւ», - արաբ գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում, իր հերթին, հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարները հայտնեցին, որ նպատակ կա խորացնել Հայաստան - Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) հարաբերությունները:

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` վերջին շրջանում ԱՄԷ-ի հետ Հայաստանի հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են: Մասնավորապես, հայկական պատվիրակությունների այցերին ի պատասխան` այս գարնանն ու ամռանը Երեւանում էին ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարարը եւ արտգործնախարարը: Առաջիկայում սպասվում է, որ Երեւան է ժամանելու ԱՄԷ-ի խոշոր ընկերությունների ղեկավարներից բաղկացած բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն, որը Հայաստանում քննարկելու է ներդրումային մի քանի ծագրեր եւ տարբեր բիզնես նախագծեր:

Հայաստանի արտգործնախարարն այնուհետեւ ընդհանրացրեց, թե Երեւանում լուրջ են տրամադրված ոչ միայն Էմիրություների, այլեւ ամբողջ արաբական աշխարհի հետ հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու հարցում: Այդ համատեքստում նշվեց, որ ներկայումս արաբական երկրներում Հայաստանն ունի 4 դեսպանատուն եւ գալիք տարի ծրագրում է բացել եւս 2-ը, որոնցից մեկը` 2010 թվականի առաջին կեսին Քուվեյթում:

«2010 թվականին նախատեսված են այլ փոխադարձ այցելություններ արաբական երկրների եւ Հայաստանի միջեւ` տարբեր մակարդակներով, ներառյալ նաեւ ամենաբարձր մակարդակը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Ասուլիսի մասնակիցները հայտնեցին, որ քննարկել են հայ - թուրքական հարաբերությունների ներկայիս ընթացքը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, միջինարեւելյան խնդիրը, իրավիճակը Աֆղանստանում եւ այլ հարցեր:

Անվար Գարգաշը տեղեկացրեց, որ երեւանյան բանակցությունների արդյունքում հայկական կողմը խոստացել է իր ձայնը տալ, որպեսզի Վերարտադրվող էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանը հիմնվի Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, եւ ինչպես Գարգաշն ասաց` իրենք այդ նպատակով հատուկ եկել էին Երեւան` լոբբինգ անելու:

Հայաստանում Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի եւ Էմիրությունների Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոմիտեի անունից Նալբանդյանն ու Գարգաշը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում համագործակցության մասին»:

ԱՄԷ-ի արտաքին գործերի պետնախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 7-ը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG