Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 5-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մի քանի օր առաջ Աթենքում Հայաստանը ստիպված եղավ պաշտոնապես ընդունել, որ համաձայն է ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Թե ինչու է Սերժ Սարգսյանն այդպիսի քայլի դիմել` արդեն էական չէ: Հարց է ծագում` իսկ ի՞նչ պիտի աներ Սերժ Սարգսյանը այս իրավիճակում: Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով համաձայնել է կարգավորման այնպիսի ծրագրի, որը մեզ համար կործանարար է: Նա, բնականաբար, չի կարող «խոսքից հետ կանգնել» (ոչ էլ թույլ կտան), հետեւաբար` երկու ելք կա: Նա ինքը կազմակերպում է «համաժողովրդական բողոքի ալիք», դրա ճնշման տակ հրաժարական է տալիս եւ այդպիսով շարունակում է «մուկ ու կատու» խաղալ միջազգային հանրության հետ, կամ իսկապես որոշակի քայլեր է ձեռնարկում եւ հրաժարական տալիս` ամեն ինչ անելով, որ Հայաստանում նորմալ, ժողովրդավարական համակարգ ձեւավորվի: Սա իսկապես կարեւորագույն խնդիր է, որովհետեւ պետք է մի կողմ դնել բոլոր տեսակի էմոցիաները, «արդարության» եւ «անարդարության» շուրջ բանավեճերն ու հարցին նայել միայն մի տեսանկյունից. ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով ո՞ր հեռանկարն է առավել շահեկան մեզ համար»:

«Գոլոս Արմենիի»-ն հիշեցնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է քննարկեր Ադրբեջանի Հանրապետության կողմից նախապատրաստված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» որոշման նախագիծը: Թերթը գրում է. - «Բաքվում արդեն վաղուց գաղտնիք չի համարվում, թե այս հանրապետության արտգործնախարարները ինչ հսկայական աշխատանք են տանում տրված որոշումը առաջ բրդելու համար եւ ինչ միջոցներ են ծախսվում այդ աշխատանքի վրա: Սակայն այս անգամ ունենալով իրենց որոշումը անցկացնելու բոլոր շանսերը, Ադրբեջանն այն ետ կանչեց Գլխավոր ասամբլեայի օրակարգից: Պարզ է, իհարկե, որ նման որոշումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խղճի հանկարծակի պոռթկման արդյունք չէ: Պարզ է մի բան` Ադրբեջանի նախագահին ստիպել են ետ կանչել որոշման նախագիծը Գլխավոր ասամբլեայի նիստից: Իհարկե, մենք հասկանում ենք, որ Գլխավոր ասամբլեայի որոշումները չունեն իրավական պարտադրող կարգավիճակ եւ մեծ հաշվով կարելի է նրանց հետ հաշվի չնստել: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ իրականությունը խեղաթյուրող ցանկացած հակահայկական փաստաթուղթ, մանավանդ` այդ մակարդակի, լրացուցիչ առիթ է ստեղծում Բաքվի հակահայկական հիստերիայի համար»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը ասում է. - «Մեզանում, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ խոսքը, մամուլի ազատությունը օգտագործվում է իշխանությանը հարվածելու համար, ինչը նորմալ է։ Բայց երբ խոսքը վերաբերում է ազգի, պետության խնդիրներին, այդ մոտեցումն անհասկանալի եւ անընդունելի է դառնում։ Ադրբեջանական մամուլը գրում է այն, ինչ ասում են Ադրբեջանի իշխանությունները, մեր ընդդիմադիր թերթերը կրկնում են այդ ամենը, եւ ստացվում է, որ հայաստանյան լրատվամիջոցները քարոզում են ադրբեջանական իշխանությունների տեսակետները, ընդ որում՝ առանց մեկնաբանությունների։ Եվ հակառակը, «տարածքները հանձնելու», «Ղարաբաղը ծախելու» վերաբերյալ նյութերը եւ հայտարարությունները նույն օրը հայտնվում են ադրբեջանական մամուլում։ Եվ շարքային ադրբեջանցու մեջ ձեւավորվում է թյուր կարծիք, թե մի քիչ էլ սեղմենք՝ հայերը կհանձնվեն»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Վստահ եմ, որ 95 տոկոսով երկխոսության մշակույթը չի ձեւավորվում հենց իշխանության մեղքով, որը արգելում է, փակում է այն հարթակները, որտեղ այդ երկխոսությունը կարող է տեղի ունենալ: Իսկ ժամանակակից աշխարհում դա նախեւառաջ հեռուստաեթերն է: Մեր եթերում չկա իրական բազմակարծություն, իսկ եթե չկա այդպիսին, ապա ի՞նչ երկխոսության մասին է խոսքը: Այսինքն` 2002 թվականի ապրիլի 2-ից իշխանությունը միանգամայն գիտակցորեն սահմանափակում է ոչ միայն ձեւաչափը, այլեւ բովանդակությունը: Իհարկե, կարելի է արդարանալ, որ «Ա1+»-ը փակել է նախորդ իշխանությունը, բայց հենց այս իշխանության օրոք «պատասխանատու» կամ Հարաշտիի ձեւակերպմամբ` իշխանության ազդեցության տակ գտնվող հեռուստաալիքների արտոնագրերը առանց որեւէ մրցույթի երկարաձգվեցին` «թվայնացման» պատրվակով: Այնպես որ, իշխանությունն առայժմ դրդում է լռելու, ոչ թե ստեղծագործելու»:

«168 ժամ»-ի թղթակիցը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցնում է. - «Չե՞ք կարծում, որ ծախսերի կրճատումը 2010-ի բյուջեում համաչափ չէ: Կան ոլորտներ, օրինակ` կրթությունը, որտեղ 25 տոկոսով ծախսերի կրճատում է նախատեսված այս տարվա հաստատված բյուջեի համեմատ, իսկ, օրինակ, ՀՀ նախագահի եւ ԱԺ աշխատակազմերի ծախսերն ավելացված են»: Պատասխան. - «Բյուջեի ծրագրավորումը թվաբանական գործողություններ չի ենթադրում, որ ասենք` եթե ողջ ծախսերը կրճատվում են, ենթադրենք, 9 տոկոսով, ուրեմն բոլոր ոլորտներում էլ հավասարաչափ 9 տոկոսով պետք է կրճատենք: Դա շատ պրիմիտիվ մոտեցում է: Կրթության ոլորտում ընթացիկ ծախսերը, ըստ էության, պահպանված են 2009-ի ընթացիկ ծախսերի մակարդակի վրա: Կրճատումները վերաբերում են միայն կապիտալ ծախսերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG