Մատչելիության հղումներ

Աթենքում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները


Երկուշաբթի երեկոյան Աթենքում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում, կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպման ավարտից հետո որեւէ հայտարարություն չարվեց լրագրողների համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` ադրբեջանցի պաշտոնակցի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման նախորդել էր նրա հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ընթացել է աշխատանքային ճաշի ձեւաչափով: Հանդիպման ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը:

Հայաստանի արտգործնախարարը Աթենքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում երեքշաբթի երեկոյան կկայանա Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորող` պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ավարտին նրանք կպատասխանեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG