Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-ի մամուլ


«168 ժամ»-ը գրում է. - «Եթե ՀՀԿ-ն առաջնորդի կուսակցություն չլիներ, ապա Սերժ Սարգսյանը միաձայն՝ 1669 ձայնով, չէր ընտրվի կուսակցության առաջնորդ: Կլիներ գոնե մեկ «դեմ»: Եթե ՀՀԿ-ն չլիներ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, կուսակցության անդամների թիվը չէր համալրի վարչապետը՝ իր թիմով: Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, կուսակցությունը կպառակտվեր անմիջապես, հաջորդ իսկ րոպեին: Այդպիսին է հայաստանյան գրեթե բոլոր կուսակցությունների ճակատագիրը: Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը չլիներ Գագիկ Ծառուկյանը, ում ուժի եւ ֆինանսական հնարավորությունների վրա է խարսխված կուսակցությունը, կամ, ասենք, օլիգարխը հանկարծ սնանկանար, կուսակցությունը կկազմալուծվեր առնվազն մինչեւ հաջորդ ամսվա աշխատավարձի օրը: Իշխանական կոալիցիայի մյուս բաղադրիչի՝ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդի խնդրին նրբանկատորեն չենք անդրադառնա: Դժվար չէ նկատել՝ նույն միտումը կա նաեւ ընդդիմադիր կուսակցություններում»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հետեւելով բազմաթիվ կուսակցական համագումարների, ես չեմ տեսել, որ առաջին դեմքը փորձի կանխել համընդհանուր պաշտամունքի մթնոլորտը: Բացառություն է կազմում, ասենք, ՀՀՇ-ի առաջին համագումարը, բայց դա, ըստ էության, կուսակցական համագումար չէր՝ դա հեղափոխականների հավաք էր, որտեղ դեռ չէին տիրում «կարգապահության» մասին ավանդական պատկերացումները: Իսկ ահա նույն կուսակցության հավաքները՝ մանավանդ 1994-ից հետո, ոչնչով չէին տարբերվում Հանրապետականի այսօրվա համագումարներից: Ե'վ 15 տարի առաջ, ե'ւ այսօր դահլիճի մեծամասնությունն էին կազմում կոռումպացված պաշտոնյաները եւ կերած-խմած գործարարները [երբեմն անգամ նույն մարդիկ], որոնք, բնականաբար, որեւէ գաղափարախոսություն չէին դավանում եւ նապաստակի արագությամբ փախչելու են կուսակցությունից այն պահին, երբ վերջինս դադարի իշխող լինելուց: Դեռ մի բան էլ կհայտարարեն, թե իրենք «միշտ պայքարել են Հանրապետականի դեմ», ինչպես որ այսօր ՀՀՇ-ի միջոցով հարստացած մարդիկ պնդում են, որ իրենք «մոլի հակահհշական» էին»:

lragir.am-ը գրում է. - «Հայաստանում իշխանություն նշանակում է ոչ միայն Սահմանադրությամբ իշխանության մարմինների համար նախատեսված լծակների տնօրինում, նույն Սահմանադրության համար սահմանված ժամկետով, այլ առաջին հերթին տնտեսական դաշտի եւ կապիտալի վերահսկողություն: Իշխանությունը Հայաստանում նրանն է, ով վերահսկում է տնտեսական դաշտը: Գագիկ Ծառուկյանն այդ դաշտի խոշորագույն ներկայացուցիչներից է: Նա իր այդ կարգավիճակին էր հասել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ համարվում էր նույնիսկ թիվ մեկ օլիգարխը: Բնական է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին այդ կարգավիճակին հասած գործարարի համար անցումային, այսինքն նախագահի փոփոխության փուլը չի կարող լինել հարթ եւ անխնդիր: Սերժ Սարգսյանը, ով դարձել է կամ դեռ դառնում է Հայաստանի նախագահ, պետք է այդ գործընթացը բարեհաջող ավարտելու համար լուծի տնտեսական դաշտի եւ կապիտալի լիակատար վերահսկողության խնդիրը: Բնական է, որ նա արդեն լուրջ գործ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, որը կայացել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, իսկ այդ իշխանության մայրամուտին էլ տնտեսական կարգավիճակից բացի ձեռք է բերել նաեւ որոշակի քաղաքական կարգավիճակ: Հիմա, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը բնականաբար ունեն Ծառուկյանի տնտեսաքաղաքական կարգավիճակը ճշգրտելու խնդիր: Կամ Ծառուկյանը մնում է, շարունակում է մնալ թիվ մեկ օլիգարխի կարգավիճակում, բայց արդեն դրա համար լիովին պարտական լինելով Սերժ Սարգսյանին, կամ Սերժ Սարգսյանը պետք է ունենա իր «կնքած» թիվ մեկ օլիգարխին»:

«Իրավունքը de facto» թերթի հարցին, թե 2010 թվականին սպասվո՞ւմ է գների աճ, պատգամավոր Հերմինե Նաղդալյանին (ՀՀԿ) պատասխանել է. - «Իրադարձությունները ցույց են տալիս, որ գների աճը Հայաստանում հիմնականում անկանխատեսելի ու անկառավարելի է. կարճ ժամանակում մեծ թռիչքներ կարող են լինել: Տնտեսության մենաշնորհային բնույթը, օլիգոպոլիաների առկայությունը թույլ են տալիս հեշտությամբ արագ ներգործել գների վրա: Իհարկե, նաեւ ճանապարհային հաղորդակցության լուրջ խնդիր ունենք: Որպես կանոն, բոլոր բացատրությունները այս շրջանակում են պտտվում: Բայց ճգնաժամի ժամանակ նավթի գինը համաշխարհային շուկայում երեք անգամ նվազեց, Հայաստանում վառելիքը չէժանացավ: Ցորենի կամ ալյուրի համաշխարհային գները շոշափելիորեն փոխվեցին, Հայաստանում ո'չ այդ ապրանքատեսակների, ո'չ հացի էժանացում չեղավ, եթե չասենք հակառակը: Հայաստանի քաղաքացին արդարացիորեն կարող է հարցնել՝ ինչո՞ւ համաշխարհային շուկան ու հայկական շուկան նման տարբերություններ ունեն, ինչո՞ւ, երբ ամբողջ աշխարհում գներն իջնում են, Հայաստանում բարձրանում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG