Մատչելիության հղումներ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի փաստով քրեական գործ է հարուցվել


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից երկու դատապարտյալների փախուստի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 355 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի` «փախուստ ազատազրկման վայրից, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից», եւ 315 հոդվածի առաջին մասի` «պաշտոնեական անփութություն», հատկանիշներով:

Ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ, փախուստի դիմած դատապարտյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրության համաձայն` «քննչական մարմնի օպերատիվ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է փախուստի եղանակը, հայտնաբերվել եւ առգրավվել են հանցագործության կատարման միջոց հանդիսացած իրեղեն ապացույցներ, նշանակվել են փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել օպերատիվ-որոնողական մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները դատապարտյալներին հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ, քննություն է տարվում պարզելու պաշտոնատար այն անձանց շրջանակն ու ինքնությունը, որոնց անփութության կամ հանցակցության հետեւանքով սպանություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտվածները կարողացել են դիմել փախուստի»:

Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը նոյեմբերի 27-ին՝ ժամը 17-ի սահմաններում, փախուստի են դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի զբոսահրապարակի տանիքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG