Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն բացառում ՀՀԿ - ՀԱԿ համագործակցությունը


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ-ի 12-րդ համագումարում: 28-ը նոյեմբերի, 2009 թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ-ի 12-րդ համագումարում: 28-ը նոյեմբերի, 2009 թ.

Ինչպես իշխող կոալիցիան ներկայացնող կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները չեն բացառում համագործակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցության եւ ՀԱԿ-ի միջեւ:

Իշխող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը համոզված է, Հանրապետական կուսկացության 12-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթով արձագանքել է առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, որի առնչությամբ, ինչպես հաջորդ օրը` նոյեմբերի 12-ին, ասել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը` Կոնգրեսը պատրաստ է «հանուն մեծ գաղափարի» համագործակցության ձեռք մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

«Այդ իմպուլսները այս վերջին ելույթում չէ, որ ի հայտ եկան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Զոհրաբյանը: - «Եթե հիշում եք՝ նախագահական ընտրություններից հետո Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքում նախագահն ինքը կոչ արեց բոլորին միասնական խնդիրների շուրջ նստել երկխոսության, եւ այդ առաջարկը քաղաքական բոլոր ուժերին՝ այդ թվում նաեւ արմատական ընդդիմությանը, միշտ եղել է ուժի մեջ»:

Նաիրա Զոհրաբյանը, նշելով, թե «քաղաքականությունը դինամիկ երեւույթ է», ու հետեւաբար ինքը չի կարող բացառել Հանրապետական - Հայ ազգային կոնգրես համագործակցությունը, շարունակեց. - «Որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն, եթե այն միտված է մեր երկրի բարգավաճմանը, դեպի դրական իմպուլս իր մեջ պարունակող որեւէ դրական համագործակցություն որեւէ ուժի հետ՝ կոնստրուկտիվ համագործակցություն, ես չեմ կարող բացառել»:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Կարեն Ավագյանը թեեւ չի կարծում, որ նախագահն իր ելույթով նպատակ է ունեցել պատասխանել Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն ինքը նույնպես առաջիկայում չի բացառում նման համագործակցությունը։

«Հանրապետական կուսակցությունը շատ հստակ իրականացնում է իր քաղաքականությունը եւ այդ քաղաքականությունը իրականացնելիս ով կփորձի միանալ այդ ծրագրի իրականացմանը, որը կհեշտացնի այդ ճանապարհը, ես գտնում եմ, որ որեւէ խնդիր չկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ավագյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Քաղբանտարկյալների ազատ արձակման պարագայում հնարավոր է նստել սեղանի շուրջ եւ քննարկել համագործակցության տարբերակները: Մինչ այդ, ցանկացած խոսակցությունները իրատեսական չեմ համարում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե իրականում արձագանքե՞լ է նախագահ Սարգսյանը առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթին, Կարապետյանն ասաց, որ թողնում է առանց մեկնաբանության` ընդգծելով, որ պետք է «գործողություններով արձագանքել եւ ոչ թե խոսքերով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG