Մատչելիության հղումներ

Կայացավ ՀՀԿ-ի համագումարը


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հանրապետական կուսակցության համագումարում, Երեւան, 28-ը նոյեմբերի, 2009թ.
Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հանրապետական կուսակցության համագումարում, Երեւան, 28-ը նոյեմբերի, 2009թ.
Երեւանի Մարզահամերգային համալիրում շաբաթ օրը կայացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12-րդ համագումարը: Հանրապետականի պատվիրակները միաձայն կուսակցության նախագահ վերընտրեցին Սերժ Սարգսյանին։ Ներկայացվեցին նաեւ կուսակցության գործադիր մարմնի 14 անդամների թեկնածությունները։ Գործադիր կոմիտեի երկու նոր անդամներ դարձան Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Համագումարին հրավիրված են կուսակցության 1806 պատվիրակներ: Որպես հյուրեր հրավիրված էին Հանրապետականի հետ իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց Երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, ինչպես նաեւ կոլաիցիոն նախկին գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները: Խորհրդարանական ընդդիմությունից՝ «Ժառանգությունից» հրավիրվածներ չկային։ Արտախորհրդարանական ուժերից հրավիրված էին «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ), «Ազգային միաբանություն» կուսակցությունները։

Համագումարին մասնակցում էր նաեւ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչը:

Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարին հաշվետու ելույթով հանդես եկավ Հայաստանի նախագահ, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Իր խոսքում նախագահ Սարգսյանը անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Կայացավ ՀՀԿ-ի համագումարը
please wait

No media source currently available

0:00 0:09:39 0:00


«Ներքին քաղաքական առաջնային մարտահրավերը»


Իր խոսքում Սերժ Սարգսյանը նախ անդրադարձավ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին, դրանք որակելով «անընդունելի եւ խիստ վտանգավոր զարգացումներ»։

«Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը», - նշեց նախագահ Սարգսյանը, նշելով, սակայն, որ չի պատրաստվում գոհանալ դրանով եւ ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է. - «Այն, ինչ դեռեւս սպասում է մեզ, թերեւս առավելագույն ճկունություն, հմտություն, գիտելիք ու կամք է պահանջում, որովհետեւ մեր կարեւորագույն անելիքը հասարակությունը միավորելն է, մեկ բռունցք դարձնելն է, երկխոսելու, լսելու ու հանդուրժելու մշակույթ ձեւավորելն է»։

Սերժ Սարգսյան. Մեր կարեւորագույն անելիքը հասարակությունը միավորելն է...
Հայաստանի նախագահի կարծիքով, 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունները առավել ցայտուն ցուցադրեցին անկախության տարիներին ձեւավորված պետական, քաղաքական եւ հասարակական ինստիտուտների «ոչ լիարժեք կայացվածությունն ու ընդհանուր թուլությունը»։

«Եթե ավելի զարգացած լինեին քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի պատասխանատու լինեին քաղաքական ուժերը, ավելի պրոֆեսիոնալ եւ տեխնիկապես հագեցված լիներ իրավապահ համակարգը, հնարավոր կլիներ կանխարգելել տեղի ունեցած իրադարձությունները եւ արժանապատվորեն դուրս գալ սանձազերծված սադրանքների որոգայթից», - կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ հետընտրական զարգացումների «մեծագույն դասը եւ մեր ներքին քաղաքական առաջնային մարտահրավերը հենց սա է»։

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 11-ի իր ընդարձակ ելույթում նախագահ Սերժ Սարգսյանին համագործակցության կոչ էր արել՝ նախ եւ առաջ վկայակոչելով արտաքին քաղաքական ասպարեզում երկրի առաջ ծառացած բարդագույն խնդիրներին դիմագրավելու անհրաժեշտությունը եւ մատնանշելով, իր ձեւակերպմամբ, այն սխալները, որ Հայաստանի իշխանությունները թույլ են տվել հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ասպարեզում։

«Եկել է մարտահրավերների առջեւ արագ կողմնորոշվելու ժամանակը։ Ո՞րն է երաշխիքը, որ ամենախելոք, ամենաուժեղ, ամենավստահելի ու ամենամիասնական իշխանությունը սխալներ չի գործի այդ մարտահրավերներին դիմակայելու որոշումներ կայացնելիս», - այսօրվա իր ելույթում ասաց Հայաստանի նախագահը՝ հավելելով, թե դեռ երեկ սխալվելու երաշխիքը ոչինչ չանելն էր. - «Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն։ Եվ այդ սխալին, ցավոք սրտի, շատերը սպասում են շունչները պահած»։

Սերժ Սարգսյանի կարծիքով, սակայն, կան սխալվելուց խուսափելու հնարավորություններ՝ քաղաքական ճկունություն դրսեւորելու պարագայում։

«Քաղաքական ճկունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրաժարվում են միակ խելացին ու միակ ճշմարիտը լինելու հավակնությունից։ Եթե ընդդիմախոսը միտք է արտահայտում, որը համոզիչ է ու ավելի լավը, քան քո միտքը, ուրեմն պարտավոր ես իրագործել նրա միտքը, ու ոչ թե քոնը` ու միայն այն պատճառով, որ քոնն է», - եզրակացրեց իշխող կուսակցության նախագահը։

«Փառք ու պատիվ մեր գործարարներին»


Իր ելույթի տնտեսական հատվածում նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ թեեւ Հայաստանը չի կարողացել խուսափել 18 տոկոսի հասնող տնտեսական անկումից, հաջողվել է զերծ մնալ «համարժեք բացասական զարգացումներից սոցիալական ոլորտում»:

2010 թվականին բյուջեն իր ծախսերով կգերազանցի 2009 թվականին սպասվող փաստացի ծավալները ...
«Ճգնաժամի ազդեցությունն իրենց կյանքի վրա մեր քաղաքացիները զգացին շատ ավելի նվազ չափով, քան կարելի էր ենթադրել` մակրոտնտեսական ցուցանիշները դիտարկելով», - ասաց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ այդ գործում մեծ է եղել խոշոր գործարարների եւ համակարգաստեղծ ընկերությունների դերը. - «Փառք ու պատիվ մեր բոլոր այն գործարարներին, խոշոր և համակարգաստեղծ ընկերություններին, որոնք ճիշտ ընկալեցին մեր հորդորը. համագործակցելով կառավարության հետ` երբեմն գործեցին դասական բիզնես նպատակադրումներին հակառակ, եւ համատեղ մենք կարողացանք շրջանցել հնարավոր շատ ավելի անցանկալի զարգացումները»:

«Այսօր մենք մի փուլում ենք, երբ բացասական զարգացման միտումները դանդաղ, բայց հաստատապես շրջվում են», - վստահեցրեց նախագահը` նշելով, որ վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները հնարավորություն են ընձեռում վերանայել 2010 թվականի բյուջեի նախագծի մի շարք ցուցանիշներ` նախատեսելով հաջորդ տարվա պետական բյուջեի ծավալների ավելացում թե' եկամտային եւ թե' ծախսային մասով:

«Արդեն այսօր վստահ կարելի է պնդել, որ 2010 թվականին բյուջեն իր ծախսերով կգերազանցի 2009 թվականին սպասվող փաստացի ծավալները», - ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Բացի այդ, երկրի ղեկավարը տեղեկացրեց, որ Հայաստանը Եվրոպական Միությունից արտոնյալ միջոցներ ներգրավելու հնարավորություն է ստացել, ինչը թույլ կտա մոտ 60 միլիարդ դրամով եւս ավելացնել 2010թ. բյուջետային ծախսերը:

«Արդյունքում գալիք տարվա պետական բյուջեն իր ծախսային մասով ընդհուպ կմոտենա 1 տրիլիոն դրամի սահմանագծին», - եզրակացրեց երկրի ղեկավարը:

Հաջորդ տարվա համար կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը հիմնված է այն կանխատեսման վրա, որ 2010 թվականին Հայաստանում գրանցվելու է 1,2 տոկոս տնտեսական աճ: 2010 թվականի պետբյուջեի ծախսային մասը նախատեսված է 859 միլիարդ դրամ` այս տարվա 967 միլիարդի դիմաց: Ընդ որում, 2010 թվականի բյուջեի դեֆիցիտը պլանավորված է 6 տոկոսի չափով:

«Հայ-թուրքական արձանագրություններ»


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում ...
Իր ելույթում անդրադառանալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին, նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Դա մի գործընթաց է, որում, ինչպես հայելու մեջ, պետք է արտացոլվի կողմերի լրջությունը»։

Հայաստանի նախագահը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում, կամ մոռացության մատնում:

«Ընդհակառակը», - պնդեց Սերժ Սարգսյանը, - «Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում եւ ողջ աշխարհում»:

«Ղարաբաղյան հակամարտություն»


Ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով ...
Սերժ Սարգսյանը վերահաստատեց բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու՝ Հայաստանի քաղաքականությունը, սակայն շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որեւէ ոտնձգություն թույլ չի տրվելու։

«Ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով», - ասաց Հայաստանի նախագահը՝ ակնարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունները, թե բանակցային գործընթացում արդյունքների չհասնելու դեպքում Ադրբեջանը պատրաստ է խնդիրը լուծել ուժային ճանապարհով։

Մեկնաբանելով հակամարտության կարգավորման առկա փուլը՝ Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ՝ «կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել»։

Ընդ որում, նախագահ Սերգսյանի փոխանցմամբ՝ «ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը»։

«Ընտրախախտում»


«Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ոչ լիարժեք կայացածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի», - անդրադառնալով նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին՝ նշեց Սերժ Սարգսյանն իր ելույթում։

Ասես հաստատելով ընտրական համակարգի «ոչ լիարժեք կայացածության» մասին նախագահ Սարգսյանի խոսքերը, կուսակցության մի շարք անդամներ մինչեւ թեկնածուների առաջադրումն արդեն քվեարկում էին Մարզահամերգային համալիրի միջանցքում։

Հաստատված օրակարգի համաձայն, ողջույնի խոսքերից, հաշվետու ելույթներից, կուսակցության կանոնադրությունում նախապես որոշված փոփոխությունները հաստատելուց հետո համագումարի պատվիրակները պետք է անցնեին կուսակցության նախագահի թեկնածուի եւ գործադիր կոմիտեի անդամների առաջադրմանը, որին պետք է հաջորդեր փակ գաղտնի քվեարկությունը։ Թեկնածուներն առաջադրվեցին ժամը 15։40-ին, մինչդեռ արդեն ժամը 15։00-ին քվեարկող հանրապետականները լրագրողների հարցերին ի պատասխան համոզված պնդում էին, որ թեկնածուներն արդեն առաջադրվել են։

«Նախագահ եմ ընտրել Սերժ Սարգսյանին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մեկը՝ հավելելով. - «Գործադիր [մարմնի անդամներին] էլ ընտրեցի»։

Ի վերջո, երբ թեկնածուների առաջադրումից հետո սկսվեց օրինական քվեարկությունը, Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ են անելու ժամանակից շուտ քվեատուփերում հայտնված ծրարների հետ, պատասխանեց, թե դրանք անվավեր են ճանաչվելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG