Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 27-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր Հայաստանում լուծելու մեկ` ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարց կա, այսինքն` օրինական իշխանության հաստատման, այսինքն` իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հարց: Մնացած խնդիրները ածանցվում են ապօրինի իշխանության եւ որ ավելի վատ է` ապօրինի իշխանության ավանդույթի հաստատման տխուր փաստից: Եվ սա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Երբ մի անգամ փորձում էի այս գաղափարը մատուցել իրեն շարքային քաղաքացի համարող մի բարեկամի, նա մի հակափաստարկ բերեց, որը, իր պատկերացմամբ, ծանրակշիռ է ու անառարկելի: «Ես իմ ընտանիքի միակ աշխատողն եմ եւ ստանում եմ 90 հազար դրամ աշխատավարձ. քաղաքացիական, քաղաքական պայքարը իմ ի՞նչ բանն է, քաղաքացիական պայքարը իմ աշխատավարձը բարձրացնելո՞ւ է», - իր դիրքորոշումը ձեւակերպեց նա: Այդ բարեկամս բյուջետային հիմնարկում է աշխատում, այսինքն` աշխատավարձը ստանում է պետական բյուջեից իրենց հիմնարկին հատկացվող գումարներից: Ահա, ուրեմն` նրան հարցրեցի, թե իր պատկերացմամբ` որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա: «Գոնե` 200 հազար», - պատասխանեց նա: Որպեսզի բարեկամս իր ստացած աշխատավարձը ստանա, պետական բյուջեն նրանց հիմնարկի աշխատավարձային ֆոնդը պետք է կրկնակի մեծացնի, սրա համար էլ` հենց բյուջեն ավելի մեծ պետք է լինի: Սրա համար էլ` հարկային մարմինները ավելի շատ հարկեր պետք է հավաքեն: Հարկային մարմինները հավաքում են այնքան, որքան կարողանում են: Բայց կան հարկեր, որոնք պետք է վճարվեն, բայց չեն վճարվում, եւ հարկային մարմիններն էլ դրանք չեն կարողանում ստանալ: Պատճառն այն է, որ այդ «անպարտաճանաչ հարկատուները» ավելի հզոր են, քան հարկային մարմինները: Սրանք այն օլիգոպոլ ընկերություններն են, որոնց մասին աղիողորմ լաց էր լինում երկրիս վարչապետը` խորհրդարանի ամբիոնից: Օլիգարխներն էլ, ի դեպ, նույն այդ ելույթի ժամանակ նստած էին դահլիճում»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Ստոկհոլմում գտնվող ՀԺԿ-ի նախկին խոսնակ Ռուզան Խաչատուրյանը նոյեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գյորան Լինդբլադի հետ: Ինչպես թերթին տեղեկացրել է Խաչատուրյանը, զրույցի ընթացքում Լինդբլադը մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները գործում են ստալինյան մեթոդներով, եւ Հայաստանը, ինչպես նաեւ հետխորհրդային այլ պետություններ, հեռու է ժողովրդավարությունից եւ շարունակում է առաջնորդվել բոլշեւիկյան մեթոդներով:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ժամանակին օրենքի բանաձեւն ասում էր, որ ԽՍՀՄ-ում միակուսակցական համակարգ է, քանզի երկու կուսակցություն մենք չենք կարող կերակրել։ Այսօրվա իրողություններն ամոթով են թողնում թերահավատներին. չնայած ճգնաժամին, 60-70 կուսակցությունների կերի առումով ամեն ինչ կարծես թե կարգին է։ Ոմանք կարող են առարկել, թե՝ ինչո՞ւ հատկապես ՀՀԿ, այլ ոչ թե, ասենք, ԲՀԿ։ Չէ՞ որ դա նույնպես կարծես թե իշխող կուսակցություն է։ Բայց այդ «կարծես թե»-ն անսպասելի շտկում է մտցնում խորհրդային ձեւակերպման մեջ. - «Մեզ մոտ՝ ՀՀ-ում, իշխող կուսակցությունը մեկն է, որովհետեւ երկու իշխող կուսակցություն մենք չենք կարողանա համալրել պաշտոնյաներով»։

«Հրապարակ»-ը զրուցել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության համահնչակյան կառույցի վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով ի՞նչ է ուզում Վահան Շիրխանյանը»: Պատասխան. - «Արի չիջնեմ նրա մակարդակին ու մեկնաբանեմ նրա խոսքերը»: Հարց. - «Ինչպե՞ս եք բացատրում Վարդան Խաչատրյանի կայծակնային կերպարանափոխումը»: Պատասխան. - «Նրա կերպարանափոխումը դժվար է բացատրել, այն, որ նա «Ժառանգություն»-ից հեռանալուց հետո մնացել է այդ խմբակցության անդամ եւ դրանից հետո փոխանակ ձայնը կտրի-նստի, դեռ հորջորջում է, որ պիտի դառնա ՍԴՀԿ-ի խոսափողը, ինչպե՞ս: Խոսափող դառնալու համար նա նախ պետք է հրաժարվի իր խմբակցությունից»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանում կանխատեսումները շատ մոդայիկ են դարձել: Մեկ ամիս է մնում տարին փակվելուն, իսկ լրագրողները համառորեն շարունակում են նախարարների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների կարծիքը փորփրել՝ իմանալու, թե տարեկան տնտեսական աճը որքան կկազմի: Դե, նրանք էլ մի թիվ ասում են, ասենք՝ 15 տոկոս անկում, կամ 14 տոկոս անկում եւ այլն: Մեծ հաշվով՝ այդ կանխատեսումների հետեւում լուրջ հաշվարկներ չկան: Օրինակ՝ վիճակագրությունը մի քանի ամիս շարունակ հրապարակում է տնտեսական անկում, ու բոլոր կանխատեսումները հանկարծ դառնում են չափազանց հոռետեսական: Եթե վիճակագրական անկումը փոխվում է աճով, կանխատեսումները, իրենց հերթին, դառնում են լավատեսական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG