Մատչելիության հղումներ

«Խոզի գրիպի» հետ կապված` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խստացվել է հսկողությունը


Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով դրանցում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հայտնաբերման, մեկուսացման եւ կանխարգելման գործընթացների նկատմամբ հսկողությունը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի փոխանցմամբ` անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժիններում առանձնացվել են մեկուսարաններ, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախատեսվել է եւ անհրաժեշտության դեպքում կառանձնացվի կարանտինային բաժանմունք` գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների մեկուսացված մասնագիտացված բժշկական օգնություն կազմակերպելու համար:

Վիրուսի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կանխելու նպատակով հնարավորինս սահմանափակվել են կալանավորված անձանց եւ դատապարտյաներին տրամադրվող տեսակցությունները:

Քրեակատարողական ծառայությունը համալրված է համապատասխան դեղորայքի եւ բժշկական պարագաների պաշարներով` անհրաժեշտության դեպքում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG