Մատչելիության հղումներ

Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» կասկածանքով մահվան առաջին դեպքը


Հայաստանի գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ հիվանդանոցում ուրբաթ օրը մահացել է 51-ամյա մի տղամարդ, որի մոտ կասկածվում էր «խոզի գրիպ»:

Միաժամանակ, գլխավոր վարակաբանը չհաստատեց, որ մահվան պատճառը եղել է H1N1 վիրուսը. - «Եթե հիվանդանոցում կա վերակենդանացման բաժանմունք, բնականաբար` մահ էլ է լինում, փրկություն էլ: Կոնկրետ այդ հիվանդի մասին ես ինքս` լինելով գլխավոր մասնագետը, չեմ կարող հստակ ասել, ժամանակ է պետք` երեք շաբաթ, երբ կլինի հյուսվածքաբանական անալիզների պատասխանը»:

Առողջապահության նախարարության տվյալներով` նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել են «խոզի գրիպով» կասկածելի 25 հիվանդներ:

Առաջին 5 հիվանդի լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղարկվել են Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ եւ վերահաստատվել են:

Հիվանդներից 22-ը, ըստ նախարարության հաղորդագրության, բուժում ստանալուց հետո առողջացել եւ հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG