Մատչելիության հղումներ

Կրակոցներ Վանաձորում


Վանաձորի գիշերային անդորրը հերթական անգամ խախտվել է: Անցած գիշեր կրակոցներ են հնչել Վանաձորի քաղաքային այգում: Զոհեր չկան:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը շաբաթ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե գիշերը ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Երեւանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել Գուգարք գյուղի բնակիչ Մյասնիկ Հարությունյանը` աջ ծնկի վրա հրազենային վնասվածքներով:

Հիվանդանոցում Հարությունյանը հայտնել է, թե Վանաձորի քաղաքային այգու կողքով անցնելիս զենք է գտել ու որոշել այն օգտագործել, ինչի արդյունքում էլ վիրավորվել է:

Ըստ ոստիկանության, սակայն, Քաղաքային այգու հարեւանությամբ գտնվող Սպորտի պալատի մոտ երեկոյան ժամը 10-ն անց կեսից 11-ն ընկած սահմաններում տեղի է ունեցել վիճաբանություն, նախնական տվյալների համաձայն՝ 4 հոգու միջեւ (որոնցից մեկը Մյասնիկ Հարությունյանն է եղել), ինչի արդյունքում էլ կրակոցներ են հնչել:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի առաջին մասով եւ 235 հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելը ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Համբարյանը նաեւ փոխանցեց, թե կան բերման ենթարկվածներ, ովքեր կասկածվում են միջադեպին մասնակցելու մեջ:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG