Մատչելիության հղումներ

Իրաքում սպանվել է հայազգի 16-ամյա պատանի


Իրաքում անհայտ մարդասպանի կրակոցներից երեկ երեկոյան հայազգի մի պատանի է սպանվել։

«Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Մոսուլ քաղաքի՝ քրիստոնյաներով բնակեցված թաղամասում: Ոստիկանության տվյալներով, զինված հանցագործը կրակ է բացել արագ ընթացող ավտոմեքենայից, որի զոհն է դարձել սեփական տան շքամուտքում գտնվող 16-ամյա Ռամի Խաչիկը։

Պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում, թե արդյոք հենց նա է եղել մարդասպանի թիրախը, այդուամենայնիվ, տեղի քահանան «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում սպանությունը որակել է որպես քրիստոնյաների դեմ ուղղված հանցագործություն։

«Դա այն հանցագործություններից մեկն էր, որոնց նպատակն է արմատախիլ անել քրիստոնյաներին եւ ստիպել նրանց լքել սեփական բնակավայրը», – ասել է քահանան։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, միայն անցած տարի Մոսուլում շուրջ չորս տասնյակ քրիստոնյաներ բռնության զոհ են դարձել, ինչի արդյունքում համայնքի հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները եւս փաստում են, որ Իրաքի հյուսիսում ապրող քրիստոնյաները հաճախ են տուժում արաբների եւ քրդերի հակամարտության արդյունքում, որոնք փորձում են վերահսկողություն հաստատել երկրի վիճահարույց նահանգներում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2003 թվականին Իրաքում ապրում էր շուրջ 800 հազար քրիստոնյա, վերջին հինգ տարիներին, սակայն, նրանց թիվը շուրջ մեկ երրորդով նվազել է։


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG