Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 10-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին թիվ 10-րդ ընտրատարածքում որպես թեկնածու չգրանցելու՝ սկսված գործընթացին, գրում է. - «Թե կոմունիստների, թե ՀՀՇ-ի ժամանակ եւ թե այսօր Հայաստանում «ընդունված չէ» որպես թեկնածու գրանցել անազատության մեջ գտնվող գործիչներին։ Որ Նիկոլ Փաշինյանին, որեւէ պատրվակ մոգոնելով, չեն գրանցի, դա նույնպես միանգամայն կանխատեսելի էր։ Բայց որ այս անգամ իշխանությունների «մոգոնածը» դուրս է լինելու որեւէ բանական շրջանակներից, ես, ճիշտն ասած չէի սպասում։ Ինչպե՞ս եղավ, որ «հետախուզողները» նրան ոչ մի կերպ չկարողացան «հայտնաբերել»։ Եթե ուղեղները մի քիչ լարեին, ապա չգրանցելու ավելի խելամիտ պատրվակ կգտնեին», - հեգնում է խմբագրականի հեղինակն ու դառնալով դատական կարգով «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունն արգելելու գործընթացին, հավելում է. - «Հայտնի է նաեւ, որ իշխանությունները «փիս խասյաթ» ունեն` ընդդիմադիր լրատվամիջոցներ փակելու։ Բայց այստեղ էլ կան տրամաբանական սահմաններ, որոնցից այնկողմ անցնելն ուղղակի վիրավորական է հենց պետության եւ իշխանության համար։ Երբ մարդիկ մեղանչում են արդարության կամ նույնիսկ օրենքի դեմ` դա, իհարկե, սարսափելի է։ Բայց երբ թիրախն է դառնում բանականությունը, դա արդեն ողբերգություն է»։

«Ժամանակ»-ը գրում է. - «Ներկայիս իրավիճակի յուրահատկությունն այն է, որ նույնիսկ իշխանությունը՝ ի դեմս առանձին ներկայացուցիչների, չի խորշում հանդես գալ իրավիճակի օրիգինալ գնահատականներով, որոնք կարծես թե մի քիչ խորթ է լսել իշխանության բերանից: Այս առումով առաջատարը, անշուշտ, վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որը ելույթը ելույթի ետեւից բացահայտում է Հայաստանի Հանրապետության համակարգային խնդիրները, առկա թերությունները ու բարեփոխումների խոչընդոտները: Կողմնակի լսողը, եթե չիմանա, որ Սարգսյանը Հայաստանի վարչապետն է, նույնիսկ կարող է մտածել, թե լսում է ընդդիմության առաջնորդներից մեկի ելույթ: Բայց դրանով էլ ներկայիս իրավիճակի յուրահատկությունն ավարտվում է: Հենց հերթը հասնում է գործին, առավել եւս գործի արդյունքին, ապա ամեն օրիգինալ բան ունենում է իր տրամաբանական վախճանը, ու սկսվում է սովորական հայաստանյան իրականությունը»:

«Կապիտալ» թերթը գրում է, թե վարչապետի կալիֆորնիական հանդիպումներից մեկի ժամանակ ամերիկյան խոշոր ընկերություններից մեկի ներկայացուցիչն առաջ է քաշել մի գաղափար, որը, վարչապետի խոստովանությամբ, ապշեցուցիչ է: Խոսքն այն մասին է, որ ոչ թե Հայաստանը պետք է գա գլոբալ ընկերությունների մոտ, այլ խոշոր ընկերությունները պետք է գան Հայաստան։ «Աշխարհը դառնում է շատ փոքր, գլոբալ ընկերությունները մրցակցում են այդտեղ։ Արդեն ազատ տեղ չի մնացել», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը՝ ընդգծելով, որ խոշորագույն ընկերությունների միջեւ մրցակցությունը չի ընթանում այսօրվա շուկայում տարածք գտնելու համար, քանի որ ազատ տարածք չկա։ Ավելին՝ ապագայի շուկայում էլ արդեն բոլոր տարածքները զբաղված են:

«Ազգ»-ը ներկայացնում է թուրքական «Վաթան» գործակալության տեղեկությունը, համաձայն որի Մուշ այցելած Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յլդըրիմը հայտարարել է. - «Երբ Թուրքիան իր հարեւանների հետ սառը հարաբերություններ ուներ, մենք ոչ մի բարեկամ չունեինք: Հիմա, սակայն, մենք լավացնում ենք հարաբերությունները Սիրիայի հետ, խորացնում ենք ռազմական համագործակցությունը Իրաքի հետ, բարեկամանում ենք նաեւ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը եւ Հայաստանը: Սակայն հայկական սփյուռքը հավակնություններ ունի մեր տարածքների նկատմամբ: Թուրքիան չի պատրաստվում որեւէ մեկին վնասել, սակայն հավաստիացնում ենք, որ թուրքական տարածքների վրա աչք ունեցողի աչքը կհանենք»:

«Երեկ ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փոքրիկ գործակատարներ են, իսկ իրական համանախագահները հանդիսանում են ԱՄՆ-ի, Ֆրանսիացի եւ Ռուսաստանի նախագահները, ովքեր, շատ հնարավոր է, կարգին չգիտեն էլ, թե ինչով են Բաքու եւ Երեւան այցերի ընթացքում զբաղվում Մերզլյակովը, Ֆասյեն եւ Բրադկեն», - փոխանցում է «169 ժամ»-ը: «Այս եռյանը վատ չի դասավորվել: Նրանք բավական լավ աշխատավարձ են ստանում, այցելում Բաքու եւ Երեւան, ճաշակում են ադրբեջանական եւ հայկական խոհանոցները», - մանրամասնել է Գուլուզադեն, ում կարծիքով, այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները իրենց ողջ ջանքերը կենտրոնացրել են հայ-թուրքական սահմանի բացման վրա. - «Այս կապակցությամբ ակտիվացել են խոսակցությունները, թե հնարավոր է Թուրքիան անդամակցի Մինսկի խմբին: Բոլոր այս խոսակցությունները մեկ նպատակ են հետապնդում՝ նվազագույնի հասցնել Ադրբեջանի դժգոհությունները սահմանի բացման կապակցությամբ: Այն փաստով, որ Թուրքիան կդառնա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, փորձ է արվում Ադրբեջանին ներկայացնել որպես զգալի առաջընթաց ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման գործընթացում: Սակայն դա ծիծաղելի է: Քանի որ, եթե այն երկրները, ինչպիսին են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, որոշակի պատճառներից ելնելով չեն լուծում Ղարաբաղյան հարցը, ապա Թուրքիան դա անելու որեւէ հնարավորություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG