Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրես. «2010-ի պետբյուջեն հրաժարականի բյուջե է»


2010 թվականի պետբյուջեն, որի նախագիծը ներկայումս քննարկվում է Ազգային ժողովում, «որեւէ իշխանության համար սեփական սխալների եւ անհեռատեսության արձանագրման եւ հրաժարականի բյուջե է», հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը:

Ուրբաթ երեկոյան տարածած հայտարարությունում Կոնգրեսը պնդում է, որ նախագծում անտեսված են երկրի առջեւ ծառացած իրական խնդիրները եւ մարտահրավերները, մասնավորապես` «ընթացիկ տարվա ծրագրի համեմատ նախատեսվում է եկամուտների ծավալի շուրջ 25 տոկոս նվազեցում, այն դեպքում, երբ իշխանությունների կողմից հաջորդ տարվա համար կանխատեսվում է տնտեսական աճ, 2009-ի համեմատ լուրջ կրճատումներ են արված կրթության (շուրջ 25 տոկոս) եւ պաշտպանության ոլորտներում (ավելի քան 22 տոկոս), այն դեպքում, երբ գրեթե անփոփոխ են թողնված պետական ապարատի պահպանման ծախսերը, հարկեր - համախառն ներքին արդյունք հարաբերակցության մեջ ծրագրված է հարկերի խիստ ցածր եւ նվազող մակարդակ, ինչը ըստ էության նշանակում է, որ իշխանությունները չեն պայքարելու ստվերի ու կոռուպցիայի դեմ, նախատեսվում է բյուջեի հսկայական պակասորդ՝ ՀՆԱ-ի 6.5 տոկոսի չափով»։

«Գիտակցելով, որ տնտեսական անկման եւ ֆինանսական ճգնաժամի խորացումը, այն կանխելուն ուղղված ոչ համարժեք քայլերը հղի են ընդհուպ հումանիտար աղետի սպառնալիքով», Հայ ազգային կոնգրեսը ներկայացնում է այն սկզբունքներն ու միջոցառումները, «որոնց գործադրմամբ միայն հնարավոր է մեղմել առկա ծանր եւ սպասվող վատթար կացությունը». - «2010 թվականի պետական բյուջեի հիմքում պետք է դրվեն հատուկ հակաճգնաժամային հնգամյա տնտեսական ու սոցիալական եւ ֆինանսական ծրագրավորման սկզբունքները: Վերոհիշյալ ծրագրի առանցքը պետք է կազմեն հակաճգնաժամային իրատեսական միջոցառումները, այլ ոչ հեքիաթային ու վերացական խոստումներն ու դատողությունները։ Հնգամյա այդ ժամանակահատվածում եկամուտների հավաքագրման մակարդակը պետք է աստիճանաբար բարձրացնել, հասցնելով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 22 տոկոս մակարդակի։ Ընդունել Հարկային ու մաքսային բարեփոխումների ցանկն ու համապատասխան փաստաթղթերը, ինչը պետք է ուղղված լինի պրոգրեսիվ հարկման սկզբունքի կիրառմանը՝ հարկային բեռի տեղափոխմանը սպառողից դեպի եկամուտ ստացողը, ցածր եկամուտ ստացողներից դեպի բարձր եկամուտ ստացողը, դեպի հասարակության ունեւոր հատվածը: Մշակել համակարգային փոփոխությունների փաթեթ, որը պետք է ներառի հակակոռուպցիոն եւ հակամենաշնորհային միջոցառումների իրական ծրագիր, սահմանելով Հայաստանում արդար մրցակցային տնտեսական մթնոլորտ։ Խրախուսել ոչ թէ էլիտար բնակարանաշինարարության, այլ մատչելի սոցիալական բնակարանաշինությանն ուղղված ծրագրերը, այդ թվում նորաստեղծ, երիտասարդ ընտանիքների համար: Պետք է կազմել գործազրկության կրճատմանն ուղղված հատուկ ծրագիր, մասնավորապես՝ միջգյուղական, տեղական նշանակության ճանապարհների վերականգնման, գյուղական համայնքներում տարաբնույթ ենթակառուցվածքային ու համայնքների զարգացմանն ուղղված միջոցառումներ եւ դրանց բյուջետային ֆինանսավորման նախատեսում: Արտասահմանից ստացված վարկերն առավելապես ուղղել պահանջարկի, այլ ոչ թե առաջարկի ընդլայնմանը, դադարեցնել, այսպես կոչված, «էլիտար» կառուցապատողների վարկավորումը (երաշխիքների տրամադրումը) եւ այլն»։

«Կոնգրեսն ունի տնտասական ճգնաժամից դուրս գալու միջոցառումների իր ծրագիրը։ Մի քանի տասնյակ օրենքների, որոշումների ընդունումով եւ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի երկիրը վերադարձնել զարգացման ուղի։ Առաջիկայում Հայ ազգային կոնգրեսը կներկայացնի այդ ծրագիրը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG