Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Քուվեյթ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:

Սա Հայաստանի անկախացումից ի վեր հանրապետության նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր:

Նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Քուվեյթի միջազգային օդանավակայանում Սերժ Սարգսյանին կդիմավորեն Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

Այցի առաջին օրը Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ջասիմ Մոհամադ ալ-Խորաֆիի եւ վարչապետ Նասեր ալ-Մոհամադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի, ինչպես նաեւ Քուվեյթի ներդրումների հաստատության տնօրեն Բադեր Մոհամադ ալ-Սաադի եւ տնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աբդուլվահաբ Ահմադ ալ-Բադերի հետ:

Օրվա ավարտին կկայանա հանդիպում Քուվեյթի Էմիրի հետ, որից հետո Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր: Այնուհետեւ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անունից ի պատիվ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:

Այցի երկրորդ օրը Հայաստանի նախագահը կայցելի Քուվեյթի գիտական կենտրոն, կհանդիպի Քուվեյթի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Ալի Մոհամմադ Թհունյան ալ-Ղանիմի հետ:

Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG