Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը «անբարենպաստ զարգացում» է որակում Սենատում ցեղասպանության բանաձեւի ներկայացումը


Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում որպես «անբարենպաստ զարգացում» է որակել ԱՄՆ-ի Սենատի քննարկմանը Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող նոր բանաձեւի ներկայացումը:

Շեշտելով, թե դա անսպասելի էր, Շենսոյը հայտարարել է. - «Չափազանց սխալ եւ անհեռանկար է Սենատի քննարկմանը ներկայացնել նման բանաձեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո: Հուսով եմ` այդ բանաձեւի հարցում ավելի մեծ առաջընթաց չի արձանագրվի»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշմանը, Նաբի Շենսոյը հիշեցրել է, որ այս տարի ապրիլքսանչորսյան իր ուղերձում Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը. - «Մենք հուսով էինք, որ Միացյալ Նահանգների նախորդ նախագահների նման, Բարաք Օբաման եւս չի օգտագործի «ցեղասպանություն» բառը իր ուղերձում, եւ այդպես էլ եղավ»:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը նաեւ կարծիք է հայտնել, թե առաջիկայում եւս Օբաման չի օգտագործի նման «վիճահարույց» ձեւակերպում, հաշվի առնելով, որ Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության են եկել եւ հայտարարել, որ «այսպես թե այնպես այս խնդրին հատուկ անդրադառնալու են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG