Մատչելիության հղումներ

Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը որակելով հայերեն բառերով՝ «Մեծ Եղեռն» (Medz Yeghern):

Օբաման ընդգծել է, որ մեկեւկես միլիոն հայերի կոտորածը «20-րդ դարի մեծ նախճիրներից մեկն» էր:

ԱՄՆ-ի նախագահը Օսմանյան կայսրության մայրամուտին մեկեւկես միլիոն հայերի մահվան վերաբերյալ «փաստերի արդարացի ճանաչման» կոչ է արել՝ մասնավորապես, ասելով. - «Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, եւ իմ տեսակետը այդ պատմության վերաբերյալ չի փոխվել: Ես մնում եմ շահագրգռված՝ հասնելու փաստերի լիակատար, անկեղծ եւ արդարացի ճանաչման»:

Ինչպես Սենատում աշխատանքի տարիներին, այնպես էլ ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

ԱՄՆ-ի նախագահը իր ուղերձում ասել է նաեւ, որ անցյալի հետ հաշտվելը հայ եւ թուրք ժողովուրդների համար առաջ շարժվելու լավագույն ուղին է, եւ իր աջակցությունն է հայտնել հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների գործադրած ջանքերին:

Ամերիկայի հայկական համագումարը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը եւ ԱՄՆ - Հայաստան հանրային հարցերով հանձնախումբը քննադատել են Օբամայի ուղերձը՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահը կորցրեց իր նախընտրական խոստումը կատարելու եւս մեկ հնարավորություն:

Կարդալ մեկնաբանությունները (10)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG