Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպում են հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները


Հինգշաբթի օրը Մոսկվայում` Ռուսաստանի Պետդումայում հանդիպելու են հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները: Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների 5-ական պատգամավորներից, եռակողմ հանդիպմանը մասնակցելու են նաեւ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները:

Պետդումայի կազմակերպած հանդիպմանը ներկա կլինեն Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Քննարկումները անցնելու են «Միջխորհրդարանական համագործակցության արդիական խնդիրները նոր աշխարհաքաղաքական պայմաններում» խորագրով «կլոր սեղանի» շրջանակներում:

Երեւանից Մոսկվա են ժամանել Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանը, Վարդան Բոստանջյանը, Հերմինե Նաղդալյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Վարդան Խաչատրյանը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլի մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան APA գործակալության հարցազրույցում հաղորդել է, որ հայ եւ ադրբեջանցի պատգամավորները Մոսկվայում քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի իրավիճակին, ինչպես նաեւ փախստականների վերադարձին առնչվող խնդիրներ:

Ադրբեջանական որոշ աղբյուրների փոխանցմամբ` հանդիպմանը կարող է քննարկվել նաեւ Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի պատգամավորների այցի հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG