Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 21-ի մամուլ


Նախկին Գերագույն խորհրդի դաշնակցական պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. - «Մարդիկ, ովքեր արձանագրությունների դեմ են խոսում ու անամոթաբար հայտարարում, որ Հայաստանը տարածքներ է հետ տալու` մոռացե՞լ են, որ ժամանակին ազատագրված տարածքները իրենք հռչակեցին «օկուպացված»: Հիմա նրանք ի՞նչ բարոյական իրավունքով են Ցեղասպանությունից եւ Արեւմտյան Հայաստանից խոսում»:

Նշելով, որ հայ-թուրքական արձանագրությունների բովանդակային բանավեճն արդեն անցած փուլ է՝ «Առավոտ»-ի խմբագիրը եզրակացնում է. - «Քաղաքական գործիչները եւ փորձագետները պետք է կենտրոնանան ոչ թե այն հարցի վրա, թե ինչ էր պետք անել 1998-ին կամ 2005-ին կամ այս տարվա հոկտեմբերի 10-ին, այլ ինչ է պետք անել այսօր եւ վաղը: Այդ առումով, ի դեպ, ուշագրավ էր Դավիթ Շահնազարյանի առաջարկը՝ վավերացնել արձանագրությունները Ազգային ժողովում, բայց հստակ պայման դնել, որ Թուրքիայի կողմից որոշակի ժամկետում դրանք չվավերացնելու կամ կյանքի չկոչելու դեպքում, միջազգային նորմերի համաձայն, դրանք առ ոչինչ են դառնում, եւ հայկական կողմը այլեւս արձանագրության որեւէ կետով որեւէ պատասխանատվություն չի կրում: Այսինքն՝ եթե մենք իսկապես ուզում ենք ինչ-որ բանի դիմաց ինչ-որ բան ստանալ, ինչը, իմ կարծիքով, նորմալ է միջպետական հարաբերություններում, ապա մեր ստանալիքի հարցում պետք է նախաձեռնող լինենք: Իսկ եթե մեզանից հավելյալ գին են ուզում [խոսքը, ինչպես հասկանում եք, Ղարաբաղի մասին է], ապա ամենք այդ «ուզողներին» պետք է ուղարկենք շատ հեռու: Մի խոսքով, արձանագրություններին դեմ կամ կողմ խոսելու փուլն անցել է: Եկել է կոնկրետ առաջարկների ժամանակը»:

«Հայոց Աշխարհ»-ը հարցազրույց է տպագրել Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից դիտվում է որպես ծայրահեղ միջոց, որին հարկ կլինի դիմել, եթե սպառված լինեն բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու բոլոր հնարավորությունները։ Նման քայլի գնալով՝ աչքը սարքելու տեղ ունքը չե՞նք քանդի»։ Մայիլյանը պատասխանել է. - «Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղը ո՛չ հիմա, ո՛չ 100 տարի հետո անկախ չի լինի, միամտություն կլիներ կարծել, թե կարող ենք հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը բանակցային գործընթացում, որտեղ Ադրբեջանը հակամարտության կողմ է եւ իր խոսքը պիտի ասի Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Ուրեմն պետք է լինի երկու զուգահեռ գործընթաց, մեկը՝ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ ներկա է Ադրբեջանը, մյուսը՝ անկախ գործընթաց, ուղղված Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը։ Բայց դրա համար պետք է, որ նախ եւ առաջ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

«Ժամանակ» թերթը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին հարցնում է. - «Ձեր դիտարկմամբ, երկրի այժմյան նախագահը թույլ եւ խոցելի՞ է, ենթարկվո՞ւմ է միջազգային ճնշումներին՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ֆոնին»: Դալլաքյանը պատասխանում է. - «Ծանոթ եմ ընդդիմության որոշ ուժերի այն տեսակետներին, թե Սերժ Սարգսյանը փորձում է իր ներքին լեգիտիմության որոշակի պրոբլեմները կոմպենսացնել արտաքին լեգիտիմության ձեռքբերման քայլերով: Ասեմ, որ նման գնահատականների հետ համաձայն չեմ: Ես հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը բաժանում եմ երկու մասի. առաջինը՝ մենք պետք է ընդունենք, որ համաշխարհային ուժային երեք կենտրոնները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը, Հարավային Կովկասը դիտարկում են որպես մեկ ամբողջություն եւ իրենց ստրատեգիական շահերը հաշվարկելիս Հայաստանին եւ Թուրքիային վերապահում են լոկալ խաղացողների դերակատարություն: Երկրորդ կարեւորագույն խնդիրը՝ իր վարչապետության ընթացքում ես չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը ձեռք է բերել արտաքին քաղաքական որոշակի պայմանավորվածություններ կամ պարտավորություններ, եւ նաեւ այդ գործոնը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այս ընդհանուր քաղաքականության մեջ»: Վիկտոր Դալլաքյանը եզրակացնում է. - «Իմ գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերություններում նա գնացել է համարձակ, սակայն վիճահարույց քայլերի, եւ այդ վիճահարուցության հետ կապված հիմնախնդիրներն այսօր քննարկման առարկա են: Իսկ արդյո՞ք Սերժ Սարգսյանի քայլը պատմական է, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը»:

Մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ Հայաստանի տնտեսության վիճակը ներկայացնող 2009 թվականի առաջին 9 ամիսների ամփոփիչ ցուցանիշը, ըստ որի անկումը կազմել է 18.3 տոկոս՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Նկատենք, որ արդեն երրորդ ամիսն է, ինչ անկման ցուցանիշը չի կարողանում հատել գոնե 18 տոկոսի սահմանագիծը: Միեւնույն ժամանակ, կան բոլոր հիմքերը` պնդելու, որ անկման նշված ցուցանիշը ստացվել է մեքենայությունների շնորհիվ, իսկ իրականում անկումը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես: Խնդիրն այն է, որ նախ` երեք ամիս շարունակ անկման տեմպի նվազումը կազմում է ամսական ուղիղ 0,1 տոկոս, եւ երկրորդ` մեծ, անբնական աճ է արձանագրվել տնտեսության հատկապես այն ճյուղերում, որտեղ ցուցանիշների հաշվառումը կատարվում է չափազանց մոտավոր: Խոսքը շինարարության եւ գյուղատնտեսության մասին է, որտեղ ցուցանիշները ստացվում են սուբյեկտիվ դիտարկումների հիման վրա»:

«Չորրորդ իշխանություն» թերթում կարդում ենք. - «Արդեն մի քանի օր է, ինչ իշխանություններն ամեն առիթով աչքալուսանք են տալիս ժողովրդին, թե գիտե՞ք, 2010 թվականի ապրիլի 1-ից գազը Հայաստանի համար կարող է արժենալ ոչ թե 200 դոլար, այլ 180: Բանից անտեղյակներն էլ ուրախանում են: Նրանց թվում է, թե գազը 20 դոլարով էժանանալու է: Չի էժանանալու, պարզապես ավելի քիչ է թանկանալու, քան նախատեսվում էր: Հիմա Հայաստանը գազը գնում է 154 դոլարով: Ընդ որում, հասկանալի է, որ ռուսները 10 տոկոս «զեղչի» դիմաց անպայման մի բան պոկելու են: Նրանք երբեք հենց այնպես ոչինչ չեն անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG