Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 17-ի մամուլ


«Առավոտ»-ը հարցազրույց է ներկայացրել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանի հետ։ «Թուրքիան ուզում է Հայաստանի կողմից ճանաչել տալ իր սահմանները, այսինքն՝ Ղարսի պայմանագիրը։ Այդ դեպքում Թուրքիան էլ թող ճանաչի այսօրվա Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո սահմանները», - ասում է Թեւանյանը։ «Բայց դրանք տարբեր հարթության խնդիրներ են։ Թուրքերը Հայաստանին առաջարկում են ճանաչել միջազգայնորեն ճանաչված սահմաններ, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն», - հարց է տալիս լրագրողը։ «Համաձայն եմ, բայց Թուրքիայի սահմանը Հայաստանի կողմից ճանաչված չէ, չէ՞։ Հայաստանի սահմաններն էլ են միջազգայնորեն ճանաչված, բայց ոչ Թուրքիայի կողմից։ Հիմա Թուրքիան Հայաստանին ասում է՝ եկեք իմ սահմանները ճանաչեք։ Ես էլ ասում եմ՝ եթե դու ուզում ես սահմաններդ ճանաչեմ, դու էլ ճանաչիր Լեռնային Ղարաբաղի սահմանները»։

«Հայկական ժամանակ» թերթին հարցազրույց է տվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը։ Լրագրողը հարցնում է. - «Մաեսրո, Դուք դե՞մ եք հայ-թուրքական սահմանի բացմանը»։ Պատասխան. - «Ոչ, մի օր սահմանը պիտի բացվի, եւ հարաբերությունները պիտի կարգավորվեն. սրանք նորմալ ու անհրաժեշտ բաներ են։ Ոչ մի նորմալ մարդ դեմ չէ սահմանը բացելուն, ոչ մի նորմալ մարդ կողմ չէ թշնամանքի։ Բայց այս մարդկանց՝ Հայաստանի ղեկավար կոչվածների արածը տեսնելիս հասկացա, որ իրենք ոչ թե սահմանն են բացում, այլ հլու-հնազանդ կատարում են մեծ պետությունների բոլոր պահանջները՝ իրենց իշխանությունը պահելու եւ Հայաստանը վերջնականապես կործանելու»։ Հարց. - «Ըստ Ձեզ, ինչպե՞ս է հնարավոր կասեցնել այս վտանգավոր ընթացքը, երբ անգամ քաղաքական ուժերը, չնայած բազմաթիվ հորդորներին, չեն միավորվում սույն հարցի շուրջ. Հայ ազգային կոնգրեսը սպասում է քաղաքական դաշտի միավորմանը, Դաշնակցությունն առանձին ճակատ է ստեղծում...»։ Պատասխան. - «Հայաստանի Դաշնակցությունը թող ժողովրդի հետ ավելի ազնիվ ու անկեղծ լինի. այսօր կեղծ բեմադրությունների ժամանակը չէ։ Ծիծաղելի չէ՞, երբ Սերժ Սարգսյանին իրենք զգուշացնում են՝ առջեւում փոս է, առաջ մի գնացեք։ Իսկ ո՞վ փորեց այդ փոսը, անդունդը։ Քոչարյանի ու Սարգսյանի հետ դուք փորեցիք այդ փոսը՝ կեղծ ընտրություններով, Հոկտեմբերի 27-ով, Մարտի 1-ի սպանդով։ Փոսը միասին փորեցիք, բայց գոնե այսօր, եթե կուզեք արհավիրքը կանխել, միացեք ժողովրդի ընդհանուր պահանջին՝ հայտարարե՛ք իշխանափոխության անհրաժեշտության մասին, պահանջե՛ք Սերժ Սարգսյանի հրաժարականը»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Երեկ միտինգ էր։ Հայ հեղափոխական դաշնակցության միտինգ։ Քննադատության թիրախը մի քիչ փոխեցին։ Այս անգամ վարչապետն էր։ Վերջինիս մեղքը այն էր, որ Էրդողանին արժանի պատասխան չէր տվել։ Ու էլի մոռացան, որ Սերժ Սարգսյանը անմռունչ կատարում է նույն Էրդողանի պատվերները... Հիմա վարչապետին կարելի է թեթեւակի քննադատել, որովհետեւ դաշնակները կառավարական կոալիցիայում չեն։ Իսկ ո՞ւմ հետ են վերջիններս դաշնակցել իրենց 120-ամյա պատմության ընթացքում։ Նրանք կոալիցիա են կազմել միայն երիտթուրքերի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կոալիցիոն I գործընկերության արդյունքում իրականացվեց Մեծ եղեռնը, կոալիցիոն II շրջանի ավարտը մարտի 1-ն էր՝ հայերի գնդակահարությունը Երեւանի կենտրոնում»։

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Վերջին մեկ ամսում նկատելիորեն ու միանգամից ակտիվացած Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպես ասում են, նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը եւ այլեւս մտադիր չէ հրաժարվել դրանից։ Նրանք, ովքեր այս կուսակցության, մեղմ ասած, համակիրները չեն, վատ են վերաբերվում այս փաստաթղթին, սրա մեջ վտանգ են տեսնում։ Բայց հանձին ՀՅԴ-ի՝ իր շուրջ համախմբված ուժերի հետ միասին, Կոնգրեսին լուրջ մրցակից է ձեւավորվում։ Ոմանք թերահավատորեն են վերաբերվում այս հանգամանքին, իբր՝ ովքեր են համախմբվա՞ծ որ։ Բայց միթե Կոնգրեսի շուրջ համախմբվածների մեջ ավելի ծանրակշիռ ուժեր են միավորված, քան ՀՅԴ-ի։ Ամենեւին։ Հայաստանում, որպես կանոն, կուսակցություն ասվածներն իրենց լիդերներն են՝ իրենց հեղինակությամբ ու հասարակության վրա ունեցած ազդեցության ուժով։ Բացի այդ, Դաշնակցությունը մի նկատելի ու անժխտելի առավելություն ունի լեւոնական ուժերի համեմատ, որն այսօր թերագնահատվում է եւ որի մասին այսօր չի խոսվում։ Խոսքը նրանց տնօրինած հեռուստաալիքի մասին է»։

«Հայոց աշխարհ»-ը հարցազրույց է հրապարակել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Ոմանք ասում են, թե ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մյուսները պնդում են հակառակը, ձեր հարցումներն էլ ցույց են տալիս, որ հայաստանցիները ի վերջո դեռ չեն կողմնորոշվել՝ լա՞վ է դա, թե՞ վատ։ Գուցե իրո՞ք արժե հանրաքվե անցկացնել՝ պարզելու հանրության կարծիքը խնդրո առարկայի վերաբերյալ»։ Պատասխան. - «Սա հանրաքվեով լուծվող հարց չէ։ Եթե 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու խնդիրը դրվեր հանրաքվեի, 95 տոկոսը դեմ կքվեարկեր։ Ընդհանրապես մենք՝ հայերս, բավական պահպանողական ենք նմանատիպ հարցերում՝ փորձված թանը գերադասում ենք անփորձ մածունից»։ Հարց. - «Ասել է թե՝ 301 թվականից հետո ոչինչ չի՞ փոխվել»։ Պատասխան. - «Ազգի մենթալիտետը հազարամյակների ընթացքում, այո, չի փոխվել, երեւի թե չի էլ փոխվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG