Մատչելիության հղումներ

Վերսկսվում են բանակցությունները Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման իրագործման շուրջ


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպմանը, 16-ը հոկտեմբերի, 2009թ.
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպմանը, 16-ը հոկտեմբերի, 2009թ.

Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ձեւակերպմամբ՝ ակտիվացել են «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ թուրքական «Յունիտ» ընկերությունների միջեւ կնքված այդ պայմանագրի իրագործան հետ կապված հնարավորությունները»:

«Առաջիկա մի քանի օրերին Հայաստան են ժամանելու թուրքական ընկերության [ներկայացուցիչները], որպեսզի փորձենք կյանքի կոչել [Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասին] պայմանագիրը», - ուրբաթ օրը լրագրողների հանդիպմանը ասաց Մովսիսյանը։

Նա հիշեցրեց, որ, համաձայն «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ թուրքական «Յունիտ» ընկերությունների միջեւ կնքված այդ պայմանագրի, այս տարվա ապրիլի 1-ից պետք է սկսվեր դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը, սակայն, նախարարի խոսքով՝ «քաղաքական պրոբլեմները Թուրքիայում թույլ չտվեցին, որպեսզի այդ պայմանագիրը սկսի աշխատել»։

«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո կրկին ակտիվացան նշված պայմանագրի իրագործման հետ կապված հնարավորությունները», - ավելացրեց նախարարը։ - «Ինչ վերաբերում է գնին, ապա, քանի որ դա մի քիչ կոմերցիոն բնույթ ունի, ամեն դեպքում, համեմատության համար ասեմ, որ մոտավորապես այն գներն են, այն ֆորմուլան է, որով ժամանակին արտահանել ենք: Կամ Ջավախք, կամ Թուրքիա՝ նշանակություն չունի»:

Չնայած Արմեն Մովսիսյանն այդպես էլ չհստակեցրեց Թուրքիա արտահանվելիք 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը, սակայն նշեց, որ թուրքական կողմը արդեն, ըստ էության, ավարտել է Գյումրին Կարսին կապող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու վերանորոգումը։

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը անդրադարձավ նաեւ մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականի հոկտմբերի 13-ի հրապարակմանը, ըստ որի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող հազար խորանարդ մետր բնական գազի գինը 200 դոլարից կիջնի 180-ի, բայց փոխարենը Մոսկվան հույս ունի ստանալ հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման իրավունքը։

«Ատոմակայանը ունենալու է մի քանի ներդրողներ, եւ այս ներդրողների խումբն է որոշելու՝ համապատասխան, իհարկե, սկզբունքներով, թե ատոմակայանի որ հանգույցը որ ընկերությունը կամ երկիրն է անելու: Այնպես որ, նման ձեւակերպում՝ որ գազի որպեսզի էժանանա, մենք մենաշնորհը տանք իրենց, ես պաշտոնապես որեւէ նման բան չեմ ունեցել, որեւէ մեկը չի ասել նման բան, չի հայտարարել: Չեմ կարծում, որ իրենք էլ նման խնդիր կբարձրացնեն», - պարզաբանեց Մովսիսյանը:

Ամեն դեպքում, նախարարը չբացառեց, որ հայկական նոր ԱԷԿ-ի կառուցումն իրականացնողը կարող է լինել մեկ ընկերություն, բայցեւ ավելացրեց, թե, իր կարծիքով, շինարարությունը կիրականացվի մի քանի ընկերություններից կազմված կոսնսորցիումը։ Նախարարի խոսքով, այսօր չկա մի երկիր, որը ԱԷԿ-ի կառուցման համար էական հանդիսացող երեք հիմնական ուղղություններում` ռեակտորային, տուրբինային եւ ավտոմատ կառավարման, ունենա տեխնոլոգիական բացարձակ առավելություն եւ յուրաքանչյուր կողմ` ամերիկյան, եվրոպական կամ ռուսական, առավելություն ունի ուղղություններից որեւէ մեկում։ Ուստի` Հայաստանն էլ օգտագործելու է բոլոր կողմերի մոտ առկա առավելությունները:

Նախարարի ներկայացմամբ, այն բանից հետո, երբ Worley Parsons ընկերությունը կներկայանցի իր կողմից պատրաստած նոր ԱԷԿ-ի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը, այդ ժամանակ էլ որոշում կկայացվի կոնսորցիումի ձեւավորման վերաբերյալ։

Ռուսաստանից Հայաստան ներմուծվող բնական գազի գնի կրճատման վերաբերյալ Արմեն Մովսիսյանն ասաց, թե գործող պայմանավորվածությունների համաձայն Հայաստանի կառավարությունը փորձում է որքան հնարավոր է էժան գնով գնել ռուսական կապույտ վառելիքը։

Մովսիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ավարտվում են Մեղրու ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները եւ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կմեկնարկեն գալիք տարեսկզբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG