Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 16-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիր գրում է. - «Առաջ Սերժ Սարգսյանը «պատերազմի կուսակցություն» էր, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ «խաղաղության»: Հիմա տեղերը, կարծես թե, փոխվել են: Բայց իրականում խաղաղության կողմնակիցը նա է, ով հաշվի է առնում ղարաբաղցիների կարծիքը: Իսկ ամենախաղաղասերը, իմ կարծիքով, նա է, ով հանում է Ղարաբաղի հարցը Հայաստանի ներքաղաքական պայքարի օրակարգից: Իշխանությունների մասին այնքան շատ վատ բան կա ասելու, որ «Ղարաբաղ ծախելը» կարելի էր եւ չհորինել: Ցեղասպանության եւ Ղարաբաղի զուգահեռված հարցերը ինձ համար միանգամայն տարբեր հարթություններում են: Առաջինը վիրտուալ, հոգեբանական թեմա է, որը կապված է մեր պատմական ցավերի հետ, երկրորդը առնչվում է ռեալ մարդկանց հետ, այսօր ապրող եւ պայքարող հայերին, նրանց կյանքին»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, բնականաբար, գրեթե բոլոր մոտ առաջանում է մի անխուսափելի հարց՝ իսկ ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ է լինելու այդ ամենի շարունակությունը: Բանն այն է, որ հերթը ակնհայտորեն հասնում է Ղարաբաղի հարցում որեւէ էական գործողության, որը պետք է երկու գործընթացը առնվազն զուգահեռ պահելու համար, եթե նույնիսկ հավատանք իշխանությանն ու ենթադրենք, որ հայ-թուրքականն ու Ղարաբաղը ոչ թե մեկ, այլ երկու առանձին գործընթաց են: Սակայն եթե հայ-թուրքականում արձանագրվում է այդքան շոշափելի առաջընթաց, ուրեմն տրամաբանությունը հուշում է, որ զուգահեռությունը պահելու համար հերթը պետք է հասնի Ղարաբաղին: Բոլոր դեպքերում, իրավիճակը կարծես թե զարգանում է այնպես, որ միջազգային հանրությունը ինչ-որ պահի կա'մ պետք է Թուրքիային ճնշի, որպեսզի բացի սահմանն առանց Ղարաբաղի հարցում որեւէ համաձայնության, եւ տարածքների վերաբերյալ որեւէ լուծման, կա'մ պետք է Հայաստանի իշխանությանը ստիպեն, որ ի վերջո մինչ այժմ տարածքների վերաբերյալ տված խոստումներից անցնի գործի, կա'մ էլ՝ եթե մինչ այդ իսկապես որոշել է կոշտացնել դիրքորոշումը եւ հանդես գալ «ոչ մի զիջում» սկզբունքով, հետ կանգնի այդ մարտավարությունից եւ վերստին վերադառնա Ղարաբաղի հարցում զիջման պատրաստակամությանը, եթե ցանկանում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը»:

«Ազգ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր ժողովրդի մեջ, եւ ոչ միայն շարքային քաղաքացիների, կա հնից եկող մի թյուր կարծիք, թե թուրքերը մեծ դիվանագետներ ու դիվանագիտություն ունեն, եւ, հետեւաբար, թուրքերը հեշտությամբ կխաբեն մերոնց եւ, ուստի, Թուրքիա-Հայաստան «ֆուտբոլային» եւ «հետֆուտբոլային» խաղում մենք ի սկզբանե դատապարտված ենք պարտության, տանուլ ենք տվել: Մեր մեջ տարածված այս կարծիքը գալիս է հնից: Մեր վարժապետ, գրող, մտավորական կամ նախկին ֆիդայի «դիվանագետները», մանավանդ 1920-ականներին, թուրքերի հետ հարաբերություններում իրենց խաբվելը, չասելու համար ապիկարությունը արդարացնելու համար միշտ կամ գրեթե միշտ ընդգծել են թուրքերի «խորամանկ դիվանագիտությունը: Այս ֆոնի վրա, բոլոր տեսակի համեմատությունները հարգելով հանդերձ, կարելի է պնդել, որ հայկական բոլորովին երիտասարդ դիվանագիտությանը հաջողվում է, հատկապես վերջին շրջանում, ցույց տալ ուրույն դեմք եւ բնավորություն, որը հիմնված է պրագմատիզմի, սեփական շահի ու հնարավորությունների գիտակցման եւ պարկեշտ գործելակերպի ու վճռականության վրա: Արեւելյան, «խորամանկ» դիվանագիտությունը հատուկ չէ մեզ, չենք էլ կարող կիրառել, պետք էլ չէ: Ժամանակակից դիվանագիտությունը չի ընդունում նման բաներ»:

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանն ասում է. - «Մենք մի քանի ամիս հանրահավաք չենք անում, որպեսզի էս ռեժիմը, որը փաստացի իշխանություն է եւ Հայաստանի անունից բանակցություններ է վարում, վաղը կարողանա գնալ եւ ավելի ուժեղ դիրքերից բանակցություններ վարել: Սերժ Սարգսյանը դրա փոխարեն գնացել է խայտառակ գործարքների: Մենք մեր անելիքն արել ենք: Հիմա ինչի՞ շուրջ համագործակցենք: Սերժ Սարգսյանը որեւէ քայլ արե՞լ է քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Փոխարենը երկրի ներսում ճգնաժամը հաղթահարելու, ազգային կոնսոլիդացիայի գնալու՝ ինքը գնացել է միջազգային հանրության մոտ է լեգիտիմություն փնտրում: Եվ դրանով փորձում է հնարավորություն ձեռք բերել՝ հասարակությանն էլ ավելի ճնշելու»:

Նոյեմբերի 28-ին տեղի է ունենալու Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը: Այդ կապակցությամբ «Իրավունք»-ը զրուցել է կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ: Հարց. - «Չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ, որ ՀՀԿ-ն հրաժարվեր կոալիցիոն կառավարության սկզբունքից եւ ամբողջ պատասխանատվությունը վերցներ իր վրա՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար»: Թադեւոսյանը պատասխանել է. - «Դեռեւս աշխատում ենք կոալիցիոն գործընկերության շրջանակներում եւ կարծում ենք, որ այն իրեն արդարացնում է: Իհարկե, մենք կարող ենք ձեւավորել կառավարություն, սակայն քննարկումների արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ միասին ճգնաժամ հաղթահարելը հեշտ է: Մեր գործընկերների հետ առավելագույն ճկունությամբ կլուծենք այն մարտահրավերները, որոնք կան այսօր եւ, կարծում եմ, վաղն էլ կլինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG