Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 15-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Ովքեր ավանդաբար իշխանամետ տեսակետ են ունեցել, սակայն հայտնի են իրենց ազգայնական հայացքներով, հայտնվել են ծանր կացության մեջ: Ողջունեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ կստացվի, որ դավաճանում են իրենց «հարյուրամյա» պահվածքին, չողջունեն՝ կստացվի, որ դավաճանում են անձամբ Սերժ Սարգսյանին: Պակաս ծանր կացության մեջ չեն հայտնվել նաեւ նրանք, ովքեր ավանդաբար ունեցել են ընդդիմադիր կեցվածք, սակայն միշտ խոսել են զարգացումից եւ դեմոկրատիայից, հարեւանների հետ բարիդրացիությունից ու սահմանների բացումից: Ողջունել Սերժ Սարգսյանի քայլերը՝ կնշանակի պաշտպանել «ավազակապետությունը», չողջունել՝ կնշանակի դավաճանել իրենց լիբերալի իմիջին: Այնպես որ, ինչպես նայում ես, այս պարագայում շահողը Սերժ Սարգսյանն է»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Կոնցեպտուալ սխալները պետք չէ փնտրել ո'չ Ցյուրիխում, ո'չ ֆուտբոլային դիվանագիտության մեջ: Եթե ես, որպես պետություն, զբաղվում են Ցեղասպանության ճանաչմամբ, ապա հարեւան պետությունը սկսում է այդ հարցով ինձ հետ բանակցել, եւ այստեղ ես մնում եմ մի ակոսի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է: Ես այլեւս չեմ կարող ասել՝ ինձնից վազն անցեք, Ցեղասպանությունը իմ գործը չէ: Ճիշտ այդպես, եթե ես սկսում եմ բանակցել Ղարաբաղի փոխարեն (իսկ համանախագահները մի քանի անգամ պնդել են՝ դա մեր նախաձեռնությունն է), ապա իմ մյուս հարեւանը սկսում է զիջումներ կորզել ինձանից, եւ ես այլեւս չեմ կարող բացատրել հարեւաններին ու աշխարհին, որ չեմ կարող տալ այն, ինչը ինձ չի պատկանում: Բնականաբար, այլ ելք չկա, քան փոխել 10 տարի առաջ որդեգրված «խաղի կանոնները»: Բայց այս վիճակում չստորագրել արձանագրությունները կամ չգնալ Թուրքիա, նշանակում է փախչել խաղից, հայտնվել ամոթալի վիճակում: Իսկ երբ Վարդան Օսկանյանն է բողոքում մեր արտաքին քաղաքականությունից, ապա դա մոտավորապես նույնն է, եթե ես բողոքեմ «Առավոտ» թերթից եւ այստեղ 15 տարվա ընթացքում տպագրվող հոդվածներից»:

«Ազգ»-ը տեղեկացնում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը տարածել է հերթական վերլուծությունը, որտեղ, մասնավորապես, նշված է. - «Շաբաթ օրը Հայաստանի նախագահը հանդես եկավ ուղերձով, որը հրապարակվեց արձանագրությունների ստորագրման ծրագրված պահից 1 ժամ առաջ: Ուղերձի բովանդակությունն ուղղակի հակասում է արձանագրությունների բովանդակությանը: Կարելի է նույնիսկ ասել, որ նախագահի ուղերձում բերված փաստարկներն այդ արձանագրությունները մերժելու լավագույն հիմնավորումներն էին: Մինչդեռ... Հայաստանն առանց որեւէ պատճառի եւ առանց անհրաժեշտության զիջեց իր պատմական իրավունքները թե՛ ցեղասպանության ճանաչման, թե՛, ինչպես ուղերձում է ձեւակերպված, «հայրենազրկման» խնդիրներում: Հայաստանի վարչակարգը մի բան ասաց, մի այլ բան ստորագրեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարն արժեզրկվեց»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղն ավարտվեց 0:2 հաշվով... Իսկ քաղաքական խաղը մտավ նոր փուլ: Ցյուրիխյան ծանրագույն բանակցություններից հետո, որտեղ Հայաստանն ակամա (եւ հավանաբար՝ բարեբախտությամբ) իր վրա հրավիրեց ողջ աշխարհի հանրության ուշադրությունը, հայ-թուրքական քաղաքական հարաբերություններում այժմ սպասվում է շատ ավելի բարդ ու հակասական երկրորդ խաղակեսը, որտեղ խփած յուրաքանչյուր գոլ կանխորոշելու է մեր հաջողությունը աշխարհաքաղաքական մյուս խաղերում: Իսկ այդ խաղերին մենք մասնակցում ենք ոչ թե ցանկությամբ, այլ ճակատագրի պարտադրանքով: Իսկ ովքե՞ր են մեր թիմի խաղացողները՝ նախաձեռնող թիմի ավագ եւ շատ վճռական ռմբարկու, թույլ եւ կիսաթույլ պաշտպաններ ու կիսապաշտպաններ, որոնց համար կարեւոր է ոչ թե թիմի հաղթանակը, այլ ընդամենը մինչեւ խաղի վերջ թիմի մեջ մնալը: Թիմի անդամ մնալը շատ առավելություններ է տալիս նրանց, բայց ոչ թիմին … Իսկ ովքե՞ր են թիմի երկրպագուները՝ տրիբունաներից բարձրագոչ քաջալերողներ ու հայհոյողներ եւ խաղացողներին նախատող հեռուստադիտողներ: Իսկ ինչո՞ւ է նույն այդ թիմի համար սրտացավ երկրպագուների մի մասը հայհոյում, մյուս մասը՝ քաջալերում: Գուցե կա՞ օրինաչափություն: Իսկ կարո՞ղ է, արդյոք, թիմի ավագը փոխել թիմի կազմը: Կարող է, եւ դա պարտություն չկրելու միակ ճանապարհն է եւ՝ ոչ միայն ներքին առաջնությունում»:

«Հայոց Աշխարհ»-ը հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան հայկական կենտրոնի ղեկավար Լեւոն Ներսիսյանի հետ: Նա ասում է. - «Ի վերջո, Հայաստանը եւ Թուրքիան հարեւաններ են։ Ո՛չ մենք կարող ենք թուրքերին քշել այս տարածաշրջանից, ո՛չ թուրքերը՝ մեզ։ Ուրեմն պետք է փորձենք մշակել համակեցության որոշակի կանոններ, որ թույլ կտան հարաբերությունների ինչ-որ դաշտ ստեղծել եւ հետամուտ լինել մեր ազգային ձգտումների, նպատակների իրականացմանը։ Ինչ վերաբերում է Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին, ակնհայտ է, որ անկախ նրանից, թե ինչ է գրված այդ փաստաթղթերում, կողմերից ամեն մեկը դրանք յուրովի էր մեկնաբանելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG