Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 10-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցը Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ) Լիլիթ Գալստյանն է: Նա ասում է. - «Մեր քաղաքական ընդդիմախոսները փորձում են ժողովրդին համոզել, թե Հայաստանն այնպիսի անելանելի իրավիճակի մեջ է, որ միակ փրկությունը Թուրքիայի հետ սահմանը բացելն է։ Այդ մտայնությունը զարգացնելուց առաջ լավ կլիներ, նախ, կարգի բերել մեր տունը՝ ստեղծել մի երկիր, որտեղ չկան տնտեսական մենաշնորհներ, մարդու իրավունքները պաշտպանված են, ընտրություններն արդար են եւ թափանցիկ, լրատվամիջոցներն ազատ են, եւ օրենքներն իրապես աշխատում են։ Այսինքն՝ ներքին իմունիտետ ունեցող կայուն, մրցունակ պետություն։ Հարցը ամենեւին էլ սահմանի բացումը չէ՝ նախապայմաններով լեցուն այս արձանագրություններն են, որոնցով վտանգվում է մեր ազգային արժանապատվությունը։ Դե, իսկ նրանք, ովքեր ստեղծել են այս իրավիճակը, լավ կլիներ՝ ընդունեին իրենց պատասխանատվությունը եւ հասարակությանը բացատրեին. ինչպես եղավ, որ մեր փրկության միակ “պատուհանը” դարձավ ցեղասպան Թուրքիան»։

«168 ժամ»-ը զրուցել է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ, ով ասում է. - «Եկեք արձանագրությունները դիտարկենք որպես պայմանագիր երկու երկրների միջեւ: Մենք առօրյա կյանքում կնքում ենք պայմանագրեր, որոնցից յուրաքանչյուրը ունի բաժին, որ եթե դրժենք մեր պարտավորությունները, տույժ ենք մուծելու կամ պատժվելու ենք: Բայց այս արձանագրություններում պատժի մասին որեւէ կետ չկա: Իմ պահանջն այն է, որ արձանագրությունը նույնքան կարեւոր է, որքան համաձայնությունը: Այս փաստաթղթերում պետք է նույնքան կարեւոր կերպով լինի պայման, որ եթե որեւէ մի կողմը դրժի համաձայնությունը, պետք է պատիժ ստանա: Իսկ այս դեպքում Թուրքիային ոչինչ հետ չի պահում, որ այս արձանագրություններով նախատեսված պարտավորությունները դրժի: Համաձայնության մեջ որեւէ տեղի չի նշվում, որ որեւէ կերպ կպատժվի մեկ կամ հարյուր օր հետո սահմանը փակելու համար»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ինչ ուզում եք՝ ասեք, բայց վերջին 6 շաբաթների այս համընդհանուր թոհուբոհի մեջ ամենատարօրինակը Ղարաբաղի լռությունն է: Երեւանում բողոքի ակցիաներ են իրականացվում, Ղարաբաղում ձեն-ձուն չկա: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Լիբանանի քաղաքները պայթում են բազմահազարանոց հանրահավաքներից՝ Ղարաբաղում ձեն-ձուն չկա: Այնպիսի տպավորություն է, թե այս ամենը նրանց հեչ չի վերաբերվում: Իսկ գուցե մե՞նք ճիշտ չենք հասկանում, գուցե Սերժ Սարգսյանը ու Իլհամ Ալիեւը փակ դռների հետեւում չին-տիբեթական հակամարտությո՞ւնն են քննարկում, կամ գուցե մադրիդյան սկզբունքները ենթադրում են, որ հրեական զորքե՞րը պիտի դուրս բերվեն Հորդանան գետի արեւմտյան ափից: Թե՞ ղարաբաղցիներին լիովին բավարարել են Մինսկի խմբի համանախագահների այն հավաստիացումները, թե խաղաղության համաձայնագրի վերջնական խմբագրման փուլում ղարաբաղյան կողմը նույնպես կներգրավվի»:

«Հայք»-ի խմբագիրը դժգոհում է. - «Հայ-թուրքական թոհուբոհի մեջ շատերը չեն էլ նկատում, թե ինչ է կատարվում Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում: Մի հսկա բեմ է հայտնվել, որից կարելի է հասկանալ, որ քաղաքապետարանը, այլ կերպ ասած վարչախումբը պատրաստվում է մեծ շուքով նշել Երեւանի ծննդյան օրը: Որքա՞ն է բարոյական այս ճգնաժամային օրերին միջոցներ վատնել, երգիչներին հոնորարներ վճարել, պլակատներ փակցնել, ինչ է թե քաղաքի ծնունդն ենք նշում: Քաղաքապետարանը համառորեն լռում է, թե որքան գումար է ծախսվել այս միջոցառման համար, բայց նշում է, թե ծախսերը հոգացել են մասնավոր ընկերությունները: Վարչախումբը ժողովրդի մասին չի մտածում, վարչախումբը ցանկանում է զվարճանալ եւ աշխարհին ցույց տալ, որ երեւանցիները այնքան երջանիկ են, գոհ ու ուրախ, որ մեծ շուքով նշում են Երեւանի ծննդյան օրը: Այս տոնախմբությունը վկայում է նաեւ այն մասին, թե այս վարչախմբի համար ինչ արժեք ունի մեր երկրի անկախությունը: Բոլոր երկրների, իհարկե, նորմալ երկրների համար թիվ մեկ տոնը անկախության օրն է: Հիմա եկեք հիշեք, թե վարչախումբը ինչպես նշեց այդ օրը: Երեւանի ծննդյան օրը անհամեմատ մեծ շուքով նշելով՝ վարչախումբը ապտակ է հասնում բոլոր նրանց, ովքեր պայքարել են անկախ Հայաստանի կայացման համար»:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Թուրքիայի նախագահ Գյուլի հրահանգը, որ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտում արգելվելու են ադրբեջանական դրոշները, առաջացրել է թուրքական հասարակական կազմակերպությունների դժգոհությունը, որոնցից մեկի ղեկավար Սելջուկ Թյուրքօղլուն դա համարել է ժողովրդավարության խախտում: «Անթույլատրելի է խաղի ժամանակ թույլատրել միայն հայկական եւ թուրքական դրոշները, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրական ժողովուրդներ են», - հայտարարել է Թյուրքօղլուն : Ըստ նրա, քանի որ հանդիպումը լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, դա լավ առիթ է «միջազգային հանրությանը ներկայացնելու Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները»: Թյուրքօղլուն նշել է նաեւ, որ շատ կարեւոր է թուրքական թիմին երկրպագել ոչ միայն թուրքական, այլեւ ադրբեջանական դրոշներով. - «Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք մեր կառավարության տակտիկան, եւ մենք էլ չենք ուզում, որ որեւէ բան բիծ թողնի մեր երկրի հեղինակության վրա», - եզրափակել է Թյուրքօղլուն: Հասարակական կազմակերպությունների ջանքերով Բուրսայում արդեն տեղադրվել են 15 հազար ադրբեջանական դրոշներ»:

(Տեխնիկական պատճառներով այսօր լույս չի տեսել «Հայկական ժամանակ»-ը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG