Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացները, ըստ Ալիեւի, պետք է «իրականացվեն զուգահեռաբար»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացները պետք է զուգահեռաբար իրականցվեն», - արդբեջանական հեռուստաընկերություններից մեկի հետ հարցազրույցում պնդել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Թեկուզ այս երկու գործընթացները պաշտոնապես որեւէ առնչություն չունեն միմյանց հետ, այդուամենայնիվ ոչ պաշտոնական կապ կա», - ասել է Ալիեւը՝ հավելելով, որ այդ կապը պետք է պահպանել եւ երկու հարցերը «զուգահեռաբար եւ միաժամանակ լուծել». - «Հակառակ դեպքում տարածաշրջանում առկա ստատուս քվոն կարող է բացասական ելքով փոփոխվել, ինչն էլ կհանգեցնի բացասական գործընթացների»:

Մի քանի անգամ տարբեր ձեւակերպումներով Ադրբեջանի նախագահը հաստատել, ընդգծել եւ վերահաստատել է համոզվածությունը, որ Թուրքիայի իշխանությունները հավատարիմ կմնան իրենց խոստմանը եւ ի վնաս Ադրբեջանի քայլեր չեն կատարի՝ Հայաստանի հետ հաշտեցման գործընթացի եւ բանակցությունների շրջանակներում:

Ադրբեջանի նախագահը ներկայացրել եւ հիմնավորել է, թե ինչու չի կարող բացվել սահմանը՝ քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հիմնահարցը:

Նրա խոսքով, հայտնի է, որ հայ-թուրքական սահմանի փակման «գլխավոր եւ միակ պատճառը Քելբաջարի շրջանի գրավումն է եղել»:

«Պարզ է, որ այդ պատճառը վերացնելուց հետո միայն սահմանը կարող է բացվել», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով. - «Սա մեր դիրքորոշումն է, եւ Թուրքիայի ղեկավարներն էլ բազմիցս իրենց տեսակետն են հայտնել այս դիրքորոշման առնչությամբ: Ես հույս ունեմ, որ այս դիրքորոշմանը նախապատվություն կտրվի եւ թե' արձանագրություններում, թե' հետագայում` դրանց գործնական կիրառության ընթացքում, նշված հանգամանքը հաշվի կառնվի»:

Անդրադառնալով հնչող կարծիքին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ապագայում կնպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե համաձայն չէ այդ պնդումների հետ՝ հիմնավորելով. - «Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից առաջ, այդ դեպքում Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների ժամանակ ավելի կկոշտանա: Հայաստանը կփորձի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ներկայացնել որպես քաղաքական եւ դիվանագիտական հաջողություն եւ բանակցությունների ընթացքում ավելի կոշտ եւ անդրդվելի դիրքորոշում կորդեգրի: Դա են վկայում բանակցությունների տարբեր փուլերում ընթացող գործընթացներն ու իրադարձությունները»:

Անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններին եւ, մասնավորապես, քիշնեւյան հանդիպմանը՝ Իլհամ Ալիեւն ափսոսանք է հայտնել, որ այդ հանդիպումը անարդյունավետ է եղել: Նա ընդունում է, իհարկե, որ որոշ հարցերում «ոչ այնքան մեծ առաջընթաց կա», այդուամենայնիվ՝ կողմերը, ըստ նրա, «չկարողացան համաձայնության գալ քննարկվող հիմնական հարցերի շուրջ»:

Ադրբեջանի նախագահը պնդում է, թե համաձայնություն ձեռք չի բերվել «Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG