Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն հայ - թուրքական սահմանի բացման արագ արդյունքներ են ակնկալում


Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը վերահաստատում են իրենց միանշանակ դրական վերաբերմունքը հայ - թուրքական սահմանի բացման վերաբերյալ եւ կարծում են, որ սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, որը բավական արագ իրեն զգացնել կտա:

Երկու կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք մասնակցում են Ստամբուլում անցկացվող տնտեսական համաժողովին, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում բարձր գնահատեցին սահմանի ակնկալվող բացման տնտեսական նշանակությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Ռաթնա Սահայը, մասնավորապես, կարծիք հայտնեց, որ սահմանի բացման դեպքում արդեն իսկ հաջորդ տարի Հայաստանի տնտեսական աճը կարող է ավելի արագ լինել, քան կանխատեսվում է հիմա:

Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսումների` Հայաստանում հաջորդ տարի ակնկալվում է ընդամենը 1 տոկոսի տնտեսական աճ:

Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի բաժնի գլխավոր տնտեսագետ Ինդերմիթ Գիլը նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բաց սահմանը Թուրքիայի հետ շատ արագ դրական կազդի Հայաստանի տնտեսական ակտիվության վրա:

Հիմնավորելով իրենց այս կարծիքը` երկու պաշտոնյաները շեշտեցին հատկապես այն փաստը, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, եւ փակ սահմանների պատճառով ապրանքներ ներկրելը եւ արտահանելը բավական թանկ է, դրանից բխող ծախսերը բավական շատ են եւ լուրջ խոչընդոտ են երկրի տնտեսական զարգացման համար:

«Եթե սահմանը բացվի, կարծում ենք, ազդեցությունը բավական արագ կլինի, քանի որ դա մեծապես կնվազեցնի [Հայաստանի] բեռնափոխադրումների ծախսերը», - ասաց Ռաթնա Սահայը` հավելելով. - «Կլինի նաեւ անուղղակի ազդեցություն` Թուրքիայի հետ ապրանքների եւ ծառայությունների առեւտրի միջոցով»:

«Չգիտեմ` արդյոք դա տեղի կունենա՞ 2010 թվականին, սակայն իմ զգացողությունն այն է, որ [սահմանի բացման դրական ազդեցությունը] կարող է տեղի ունենալ շատ, շատ արագ, քանի որ երկու կողմերում էլ կան ձեռնարկատերեր, որոնք շատ են ցանկանում օգտվել սահմանի մյուս կողմում առկա գործարար հնարավորություններից», - իր հերթին, ընդգծեց Ինդերմիթ Գիլը:

Ռաթնա Սահայի խոսքերով` Թուրքիայի հետ սահմանի բացումը նաեւ ավելի գրավիչ կդարձնի Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար:

«Հայաստանը շատ առավելություններ ունի` ի դեմս հայ ժողովրդի կրթական մակարդակի եւ հմտությունների: Անշուշտ, կան նաեւ մեծ թվով հայեր, որոնք դրսում են եւ որոնք նույնպես հետեւելու են, թե ինչպես են ընդլայնվում հնարավորությունները Հայաստանում», - փաստարկեց Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG